ՀՊԾ-ն ներկայանում է նոր ռազամավարությամբ

0
135

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) պատվիրակությանը:
Հաշվի առնելով վերջին տարիներին հարավ-կովկասյան պետություններում, այդ թվում Հայաստանում գրանցված կայուն տնտեսական աճը` ՀՊԾ-ն պլանավորում է ելքի ռազմավարության իրականացում` տվյալ երկրում իրավիճակը գնահատելուց հետո: Այն ենթադրում է հետևյալ չափորոշիչները. գործող սոցիալական ապահովության կառույցների կայացվածությունը, աղքատության կրճատման ռազմավարության իրականացման առաջընթացը, կառավարության կողմից օգնության ծրագրերը փուլ առ փուլ ստանձնելու կարողությունը: Ամփոփելով գնահատումից ստացված արդյունքները` ՀՊԾ-ն կմշակի և կիրականացնի երկրներից դուրս գալու կոնկրետ քայլեր:
Նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ՀՊԾ-ի ծավալած գործունեությունը: Նա ևս փաստեց վերջին տարիներին երկրում գրանցված տնտեսական կայուն աճի ապահովումը, որից բխում է ՀՀ կառավարության քաղաքականությունն ու ՀՊԾ-ի նոր ռազմավարությունը: Քանի որ պետության միջոցներով արդեն կատարվում են այնպիսի ծրագրեր, որոնք փոխարինում են ՀՊԾ-ի կողմից իրականացվող ՙՍնունդ աշխատանքի դիմաց՚ և ՙՍնունդ ուսուցման դիմաց՚ ծրագրերին, ուստի վերջիններս կարող են ավարտվել նախանշված ժամկետներում:
Միևնույն ժամանակ, պարոն Վարդանյանը հիմնավորեց ՙԴպրոցական սնուցում՚ և բնակչության առավել աղքատ խմբերին տրվող անվճար սննդի ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը: Ըստ նախարարի` առաջնահերթ օգնության կարիք ունեն բնակչության շուրջ 4.1% կազմող ծայրահեղ աղքատները և երեխաները, որոնց խնդիրները կթեթևացնեն այս ծրագրերը:
Հանդիպման վերջում նախարարը հույս հայտնեց, որ կարճ ժամանակ կպահանջվի ՀՀ կառավարությանը` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով հնարավորություն ստեղծել ՀՊԾ-ի ծրագրերի սահուն ելքի համար: