Փետրվարի 22-ին Երևանում իր աշխատանքները սկսեց «Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում եկամտի ստեղծման և զբաղվածության ծրագրերի մասնակցային ծրագրավորում, մոնիտորինգ և գնահատում» թեմայով տարածաշրջանային սեմինարը:
Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) ծրագրերի շրջանակում` Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետությունների պետական կառավարման մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սեմինարի բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Վարդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Կիրակոսյանը և UNESCAP տնօրենների խորհրդի նախագահ պրն. Դաթու Զամզամին Լ.Ամպաթուան:
Աշխատանքային հանդիպման ընթացքում վերոնշյալ ԱՊՀ երկրների ազգային փորձագետները և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրեցին իրենց պետություններում ազգային մակարդակում եկամտի ստեղծման և զբաղվածության ծրագրերի մասնակցային ծրագրավորման, մոնիտորինգի և գնահատման ներկա համակարգերը: Ընթացքում անցկացվեցին նաև բաց քննարկումներ:
Աշխատանքային խմբերի ներկայացումները կշարունակվեն նաև փետրվարի 23-ին`«Կենտրոնական Ասիայում և Կովկասյան երկրներում աղքատության հաղթահարումը եկամտի ստեղծման և զբաղվածության ծրագրերի միջոցով» թեմայով: