ԱՄՆ ՄԶԳ հետ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի մեկնարկեց սոցիալական բարեփոխումների երկրորդ փուլը

0
115

ԱՄՆ ՄԶԳ հետ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի մեկնարկեց սոցիալական բարեփոխումների երկրորդ փուլը:

Մարտի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և ԱՄՆ ՄԶԳ կապալառու «Սըրվիսիզ գրուփ» ընկերության տնօրեն Էմի Ռեմմը ստորագրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության համաձայնագիր: Դրանով իսկ սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցման երկրորդ փուլի շրջանակներում մեկնարկեց «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագիրը: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ, 2007-2011թթ. Ծրագիրը կիրականացնի «Սըրվիսիզ գրուփ» (TSG) ընկերությունը:
Ողջունի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը և ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին:
Նախարարը շնորհավորեց «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի մեկնարկի կապակցությամբ` այն դիտարկելով սոցիալական բարեփոխումների առաջին փուլի շարունակություն և ավելացրեց. «Պետք է սակայն նշեմ, որ սա ոչ միայն նախորդ ծրագրի շարունակությունն է, այլ ներառում է սոցիալական ոլորտում գերակա այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են զբաղվածության և աշխատանքի բնագավառները: Նշված ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծման համար ՀՀ կառավարությունը լուրջ աջակցության կարիք ունի»:
Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագրի միջոցով ԱՄՆ-ն առաջարկում է այն տեխնիկական օժանդակությունը, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին` իր սեփական քաղաքականությունն ընտրելու և այն իրականացնելու համար օրենքները համապատասխանեցնելու հարցում, – իր խոսքում նշեց ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին: «Մենք հպարտ են այս առաջընթացի մասնակիցը լինել»:

ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ 2000-05թթ. սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքում արձանագրվեցին լուրջ ձեռքբերումներ. Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերվեց Հայաստանում սոցիալական ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ զարգացմանը, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային համակարգի կայացմանը, սոցիալական քարտերի ներդրման և կիրառման աշխատանքներին: Արդյունքների շարունակականության ապահովման և հզորացման տեսանկյունից առավել կարևորվում է «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագիրը: Այն ներառում է չորս հիմնական բաղադրիչ, որոնք են` կենսաթոշակային ապահովություն և սոցիալական ապահովագրություն, զբաղվածություն, աշխատանքի անվտանգություն, աշխատանք և աշխատավարձ, սոցիալական աջակցություն:
Նշված բոլոր հիմնական բաղադրիչները կուղեկցվեն մի շարք խաչաձևվող գործընթացներով: Նախատեսվում են իրավական դաշտի բարեփոխումներ, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների ներդրում, հանրային իրազեկում բոլոր ուղղություններով:
Այս ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգերը, բարելավել ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ և մարդկային ռեսուրսների հնարավորությունները, ընդլայնել սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների հնարավորությունները:
Ծրագրով ամրագրված բաղադրիչների ուղղությամբ արդեն մշակվել է գործողությունների պլան: Այդ մասին խոսեց «Սըրվիսիզ գրուփ» ընկերության տնօրեն տիկին Էմի Ռեմմը: «Ծրագրում եզակի բաղադրիչներ են ընդգրված, որոնց շնորհիվ առավելագույնի կարելի է հասցնել աշխատանքի շուկայի և սոցիալական պաշտպանության միջև փոխազդեցությունը», – նշեց տիկին Ռեմմը: