ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմեն Վարուդակիսին

0
208

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմեն Վարուդակիսին:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում իր առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարն ընդգծեց, որ ՀԲ-ն մեծ ներդրում է ունեցել մեր երկրում ինստիտուցիոնալ զարգացումների առումով և վստահություն հայտնեց` համագործակցության հետագա զարգացման համար:
Սոցիալական ոլորտում երկու կառույցների գործակցությունն իրականացվում է հիմնական երեք ուղղություններով` «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարելավման» վարկային ծրագիր, կենսաթոշակային բարեփոխումներ և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներ:
Ըստ նախարարի, «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարելավման» վարկային ծրագրով նախատեսված աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումների մասին նախարարության մոտեցումներին, դրանց հիմքում դրվում է մարդուն արժանավայել կենսաթոշակով ապահովելու սկզբունքը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց բարեփոխումների իրականացման հստակ քաղաքականության մշակումը, նշվեցին այն քայլերը, որոնք նախորդելու են կենսաթոշակային նոր օրենսդրության ընդունմանը: Բարեփոխումների ողջ փափեթը, մինչև ԱԺ ներկայացվելը, կքննարկվի տարբեր ոլորտների մասնագետների կողմից, կլինեն նաև հանրային քննարկումներ:
Հանդիպման վերջում պարոն Վարուդակիսը վստահեցրեց, որ նախարարության հետ ՀԲ-ի գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նախանշված բոլոր ուղղություններով: