Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը. ձեռքբերումներ և հիմնախնդիրներ» թեմայով գիտաժողովը

0
156

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի հետ համատեղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարտի 29-30-ն անցկացնում է «Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը. ձեռքբերումներ և հիմնախնդիրներ» թեմայով գիտաժողով:
Կարևորելով Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման ուղղությամբ տարվող քայլերը` գիտաժողովի բացման խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արծվիկ Մինասյանը նշեց. «Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ սոցիալական աշխատանքի ինստիտուտը Հայաստանում կայուն հիմքերի վրա է: Այս ոլորտում կայացման լուրջ ճանապարհ ենք անցել, ունենք ձեռքբերումներ, բայց և զերծ չենք հիմնախնդիրներից»:
Գիտաժողովի անցկացմանը ողջունի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ոլորտի զարգացման կարևոր նախապայման համարելով մասնագիտական կրթությունը` նշեց, որ այդ բացն այսօր լրացնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնը, որի կազմում հիմնադրվեց «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ առանձին բաժին: «Շրջանավարտները բարձրագույն մասնագիտական կրթությամբ սոցիալական աշխատողներ են: Հետևաբար, կարելի է ասել, որ արդեն զուգահեռաբար զարգանում են սոցիալական աշխատանքի տեսական և գործնական ուղղությունները»,- ավելացրեց պարոն Սիմոնյանը:

Դեռ 1993 թվականին երկրում տիրող սոցիալական լարվածության պայմաններում ՀՀ կառավարության կողմից ստեղծվեց սոցիալական ծառայությունների համակարգը, որը պետք է կազմակերպեր մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները: Սոցիալական ծառայություններում աշխատանքի ընդունման հիմնական պայմաններից էր մարդասիրությունն` առանց մասնագիտական սահմանափակման: Ժամանակի պահանջով ստեղծված ծառայության աշխատողներն առաջնորդվում էին իրենց անհատական մոտեցմամբ` օգնելով, աջակցելով շահառուներին` թեթևացնելու նրանց հոգսերը: Գործնականում կիրառված իրենց փորձը հետագայում նրանք հնարավորություն ստացան տեսականորեն լրացնել: Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների համար անցկացվեցին մասնագիտական վերապատրաստումներ` մասնագիտական հմտությունները և կարողությունները լրացնելու և զարգացնելու, այցելուների հետ աշխատանք վարելու, սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ մատուցելու նպատակով:
Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորեց նաև այս աշխատանքներում ներգրավված անձանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակաբար կատարելագործումը: Ինչն իրականացնում է նախարարության համակարգում գործող աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը: Յուրաքանչյուր տարի այս հաստատությունում վերապատրաստվում են համակարգի շուրջ 1000 աշխատակիցներ:
Պետք է փաստել, որ ժամանակի ընթացքում փոխվում են սոցիալական աշխատողին ներկայացվող պահանջները` այն համապատասխանեցնելով բնակչության կարիքներին ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքին: Այս առումով նոր ու առավել կարևոր խնդիրներ են դրվում սոցիալական ծառայությունների առջև: Կայուն տնտեսական աճի պայմաններում գտնվող մերօրյա Հայաստանում սոցիալական աշխատողները հիմնականում ցուցաբերում են բարոյա-հոգեբանական աջակցություն:
Ինչպես նշեց նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, շատ լուրջ առաջընթաց էր 2006 թվականի հունվարի 1-ից ուժի մտած «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որում ամրագրված է «Սոցիալական աշխատանք և սոցիալական աշխատանքի մասնագետներ» առանձին բաժինը: Օրենքը սահմանում է, որ սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեությունը է, որն իրականացվում է մարդու անհատական սոցիալական խնդիրների լուծման նպատակով` հոգեբանական և մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառմամբ: Այն ուղղված է խոցելի խմբերին պատկանող մարդկանց կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն` մարդուն, ընտանիքին, անձանց խմբին ցուցաբերելով անհատական օգնություն: Տիկին Մինասյանը առանձնակի նշոց, որ «օրենքով նախատեսվում է նաև սոցիալական աշխատանքի մասնագետների էթիկայի կանոնների և տնային այցելություն կատարելու մեթոդական ցուցումների մշակումն ու հաստատումը: Սրանք կարևոր աշխատանքներ են, որոնց կատարմամբ պայմանավորված է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը»:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ամբիոնի մասնագետներ, նաև Էնդրյու Կորնուելը` փորձագետ Մեծ Բրիտանիայից:
Ներկայացվող և քննարկվող հիմնական թեմաներն ընդգրկում են Հայաստանում սոցիալական պաշտպանության մշակույթի և սոցիալական աշխատանքի դերի, մասնագիտական կրթության, պետական քաղաքականության նաև առանձին խոցելի խմբերի` երեխաների, տարեցների և հաշմանդամների, իրավախախտների և զինվորների սոցիալական պաշտպանության խնդիրները:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեց մարտի 30-ին: Երկօրյա հանդիպման ընթացքում արծարծված թեմաները կնպաստեն խոցելի տարբեր խմբերին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի էլ ավելի բարելավմանը, ինչպես նաև լավ հիմք կտան պետական քաղաքականության մշակման համար: