2007 թվականի մարտի 30-ին աշխարհի 81 պետությունների, այդ թվում` ՀՀ ներկայացուցիչներ Նյու Յորքում ստորագրեցին Հաշմանդամների իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջազգային կոնվենցիան

0
157

2007 թվականի մարտի 30-ին աշխարհի 81 պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ Նյու Յորքում ստորագրեցին Հաշմանդամների իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջազգային կոնվենցիան:

Կոնվենցիայի նպատակն է խթանել հաշմանդամների իրավունքների լիիրավ պաշտպանությանը, նպաստել հասարակությունում նրանց ինտեգրմանն ու հավասար մասնակցությանը:
Այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպվեց ընդունելություն` հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Նյու Յորքում կայացած ստորագրման արարողությանը մասնակցած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի անդամներ Անի Հովհաննիսյանի և Զառա Բաթոյանի մասնակցությամբ: Նախարար Աղվան Վարդանյանը նախ ողջունեց Հաշմանդամների իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջազգային կոնվենցիայի ստրագրումը: Նա նշեց, որ միջազգային իրավական այդ փաստաթղթի ստորագրումը միայն առաջին լուրջ քայլն է, որին պետք է հետևեն գործնական ծրագրերը` ուղղված հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հետևողական կլինի Կենվենցիայի վավերացման և դրանում ներառված դրույթների կատարմանը` ներգրավելով շահագրգիռ բոլոր պետական կառույցներին և հասարակական կազմակերպություններին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Յեթ Շելդոնը ևս ուրախությամբ նշեց, որ արդեն կա միջազգային մակարդակով ընդունված համընդհանուր փաստաթուղթ: Մինչ Կոնվենցիայի ստորագրումը հաշմանդամների իրավունքները մեկ ընդհանուր միջազգային իրավական փաստատթղթում ամրագրված չեն եղել: Աշխարհի 650 միլիոն հաշմանդամների համար այն խոստանում է դառնալ նոր դարաշրջանի սկիզբ, երբ հաշմանդամություն ունեցող անձինք այլևս ստիպված չեն լինի հանդուրժել իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքը:

Կոնվենցիան ներառում է 50 հոդված, որոնք ուղղված են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը, աշխատանքի, առողջապահության, կրթության և հասարակության կյանքին լիարժեք մասնակցության իրավունքների ապահովմանը, արդարադատության մատչելիությանը, անձնական անձեռնմխելիությանը, չարաշահումներից և շահագործումից ազատմանը, ազատ տեղաշարժմանը, անհատական շարժունակությանը և այլն:
Գլխավոր Ասամբլեայի դահլիճում կազմակերպված միջազգային-իրավական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖԻ հրավերով ստորագրման արարողությանը մասնակցելու համար Նյու Յորք էին մեկնել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երիտասարդ անդամներ Զառա Բաթոյանը և Անի Հովհաննիսյանը, որն էլ ով Նիկարագուացի 19-ամյա Մաուրիսիո Գուտիերեզի հետ աշխարհի բոլոր հաշմանդամ երեխաների և երիտասարդների անունից ուղերձ հղեց ՄԱԿ-ի անդամ պետություններին:

Մասնակից երիտասարդները ստորագրող պետություններին կոչ արեցին հետամուտ լինել դրանում ամրագրված սկզբունքների իրականացմանը:
Նոր իրավական ակտը արդեն ուժի մեջ է մտել:
Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն է ցուցաբերում հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցում: Վերջին տարիներին մեր պետությունը որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, հավասար պայմանների ստեղծում: Սակայն Կոնվենցիայի ընդունումը նախատեսում է որոշ մոտեցումների փոփոխություն, օրենսդրական դաշտի նորացում` Կոնվենցիայի դրույթներին համահունչ:

Ի դեպ, հետխորհրդային երկրներից Կոնվենցիան ստորագրել են միայն Հայաստանը, Լիտվան և Մոլդովան: 43 երկրներ ստորագրել են նաև Կոնվենցիայի Ֆակուլտատիվ արձանագրությունը: