Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

0
106

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերության պատվիրակությանը` զարգացման և աշխատակազմի հետ աշխատանքերի գծով փոխնախագահ Մարինա Նովիկովայի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր նախարարության աջակցությամբ ծանոթանալ աշխատանքի ոլորտը կարգավորող հայաստանյան օրենսդրությանը, հաստատել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ:
Տիկին Նովիկովան տեղեկացրեց, որ մուտք գործելով Հայաստան` կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտը, այլ նաև աշխատաշուկան: Լինելով ռուսաստանյան առաջին խոշոր մասնավոր կազմակերպություններից մեկը և կարճ ժամանակ գործելով Հայաստանում` ընկերությունն արդեն իսկ իրականացրել է աշխատակիցների կամավոր բժշկական ապահովագրություն, վերավորակավորման դասընթացներ, պատրաստ է վարել հարկային թափանցիկ քաղաքականություն, մոտ ապագայում կզբաղվի նաև բարեգործությամբ:
Նախարարը վստահեցրեց հյուրերին, որ ընկերությունը` ի դեմս նախարարության, կունենա պատրաստակամ գործընկեր: Նա խորհուրդ տվեց անմիջական համագործակցել նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ աշխատանքի պետական տեսչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ: Համատեղ աշխատանքները կարգավորելու համար նախարարի կողմից կլինեն հանձնարարականներ:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում իրականացնել համատեղ բարեգործական և այլ ծրագրեր: