Ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը

0
86

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության ծերացման հարցերով համակարգող Ալեքսանդր Սիդորենկոյին, ծերացման հարցերով փորձագետ Օլեգ Սերյոժինին և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար տեխնիկական աջակցության բյուրոյի փորձագետ Նիկոլայ Բոտևին:
Պատվիրակության այցի նպատակն էր քննարկել 2002թ. Մադրիդում ընդունված Ծերացման հարցերով միջազգային գործողությունների պլանի շրջանակներում ազգային մակարդակում ձեռնարկված միջոցառումները, արձանագրած առաջընթացները, երկրում տարեցների ակտիվ ու արժանապատիվ կյանքի ապահովման տեսանկյունից առկա խնդիրները, դրանց լուծման նպատակով հետագա համագործակցության, աջակցության հարցերը:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց տարեցների հիմնահարցերի լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումներն ու իրականացված քայլերը: Այս ոլորտում ակտիվ քաղաքականության համար կարևոր նախապայման ստեղծվեց, երբ ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում ՙՏարեցների սոցիալական պաշտպանության 2008-2015թթ. ռազմավարությունը՚ մշակելու մասին, նաև հասարակության լայն շրջանում քննարկվեց ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը:
Տարեցների խնամքի պետական և ոչ պետական 6 հաստատություններում այսօր խնամվում է ավելի քան հազար տարեց: Գործում են նաև տնային սպասարկման կենտրոններ: Նախարարն ավելացրեց, որ դեռևս չլուծված խնդիրներ կան. ՙՄասնավորապես, կարևոր է տարեցներին արժանավայել կենսաթոշակով ապահովելու հարցը: Նրանց հասարակությունում ինտեգրելու նպատակով ՀՀ կառավարությունը դեռ իրականացնում է խնամքի և աջակցության ծրագրեր, սակայն ժամանակն է անցում կատարել զարգացման ծրագրերի՚: Պարոն Վարդանյանը խոսեց նաև խնամքի հաստատություններում տարեցների խնամքի չափորոշիչների մշակման և հաստատման կարևորության մասին:
Պատվիրակության անդամները, ներկայացնելով Հայաստանում իրենց առաքելության նպատակը, հույս հայտնեցին, որ համատեղ աշխատանքի արդյունքում մոտ ապագայում կմշակվի տարեցների հիմնախնդիրների ոլորտում արդեն գործնական որոշումների և տեխնիկական առաջադրանքների նախատեսման և իրականացման ծրագիր:
Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մադրիդյան միջազգային գործողությունների պլանը ներկայացնելու և շահագրգիռ գործընկերների հետ հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով կկազմակերպվի նաև կլոր սեղան: