Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել է Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին որոշում

0
114

Այն բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքից և կայացվել է ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 1874-Ն որոշման համաձայն: Որոշումը նպատակ ունի տուն-ինտերնատներում, տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում խնամքի դեպքում ամրագրել ծերերի և հաշմ?նդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները: Սահմանվել են սննդի, հագուստի և անկողնային սպիտակեղենի, տնտեսական պարագաներով ապահովման, ինչպես նաև տարածքի ու տուն-ինտերնատի հաստիքների նկատմամբ չափաքանակներ:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չեն հաստատվել նման չափորշիչներ, և հաստատությունները ղեկավարվել են 1985թ. ԽՍՀՄ համանման չափորոշիչներով:
Նոր չափորոշիչների սահմանումը կնպաստի ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների բարելավմանն ու որակի բարձրացմանը: Խնամքի տրամադրման համար հաստատված չափորոշիչները չափելի և վերահսկելի կդարձնեն ծերերին ու հաշմանդամներին տրամադրվող խնամքի ու սոցիալական սպասարկման ծառայությունները, ինչը, բնականաբար, կանդրադառնա դրանց մատուցման մակարդակի վրա:
Որոշման ընդունումը կարևոր է նաև նրանով, որ արդեն ընդունվել է ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման կարգը, և առանց հաստատված չափորոշիչների առկայության անհնարին կլինի իրականացնել լիցենզավորման գործընթացը:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են մանկատանը (անկախ դրա կազմակերպական իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները: