ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Այռեքս (IREX) կազմակերպության տնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Արինա Զոհրաբյանին և կրթական խորհրդատու Տիգրան Թովմասյանին:
Կազմակերպությունը մասնագիտացված է կրթության, անկախ լրատվության, ինտերնետի զարգացման և այլ ոլորտներում:
Հյուրերը մանրամասներ ներկայացրեցին կազմակերպության գործունեության, մասնավորապես` Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակային ծրագրի մասին: Այն ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթական և մշակութային ծրագրերից է, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում` մագիստրոսի կոչում ստանալու նպատակով: Մասնակիցներն ընտրվում են մրցույթով:
Քննարկվեց պետական կառավարման մարմիններում աշխատել ցանկացող մագիստրոսների համաֆինանսավորման ծրագիրը, որը հնարավորություն կտա համեմատաբար ցածր վճարվող հայեցողական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնները համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով: