2017 թվականի մայիսի 15-16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Եսայանը և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը մասնակցել են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մեկնարկած Համաշխարհային Բանկի բարձրաստիճան աշխատաժողովին՝ նվիրված սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվող նոր համակարգերին:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ներդրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգը:
Ելույթների ընթացքում աշխատաժողովի մասնակիցները հետաքրքրվել են հատկապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի, սոցիալական դեպք վարողի ինստիտուտի ներդրման և սոցիալական աշխատողի դերի կայացման գործընթացով: Հարցերի շրջանակը մասնավորապես ուղղված է եղել սոցիալական ծառայությունների հասցեականությանը, ռեսուրսների ապահովմանը և անհատական սոցիալական կարիքների գնահատման համար անհրաժեշտ գործիքների ներդրմանը:
Քննարկմանը չափազանց կարևորվել է տարբեր երկրներում իրականացվող սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկումը հատկապես գյուղական համայնքներում:
Աշխատաժողովի ավարտին Եգիպտոսի Արաբական Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը ցանկություն է հայտնել անձամբ ծանոթանալ Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին և տեղում ուսումնասիրել մատուցվող ծառայությունների արդյունավետությունը:
Աշխատաժողովին մասնակցում էին պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների շուրջ 250 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: