ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մայիսի 24-ին մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ողջունելով հարգարժան հյուրերին և ներկաներին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ միության ստեղծումը իր հետ նոր շունչ, թարմություն ու նոր գաղափարներ է բերել Հայաստանի տնտեսական, հասարակական և քաղաքական կյանք՝ միջազգային լավագույն փորձին համահունչ՝ հիմք դնելով փոխգործակցության նոր մշակույթի ձևավորման:
Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անունից շնորհավորել է Գործատուների հանրապետական միությանը հոբելյանի առթիվ և փոխանցել նախարարի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.
«Միությունն իր ստեղծման առաջին իսկ օրից ակտիվ գործունեություն է ծավալել և իր մասնակցությունն է ունեցել երկրի համար այնպիսի կարևոր հիմնախնդիրների լուծման գործընթացներում, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, կանանց և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը, կրթություն-աշխատաշուկա կապի խթանումը, սահմանափակ կարողություններով անձանց աշխատաշուկայում ինտեգրումը:
Միության անդամներն աչքի են ընկել նախաձեռնողականությամբ, առկա խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու ակտիվությամբ, բացասական երևույթների նկատմամբ անհանդուրժողականությամբ, պաշտպանել են սոցիալ-տնտեսական ոլորտում ՀՀ կառավարության բազմաթիվ նախաձեռնություններ՝ հարկ եղած դեպքում հանդես գալով նաև որպես կառուցողական ընդդիմախոսներ:
Անցնող 10 տարիները կարելի է որակել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության ու մեր մյուս սոցիալական գործընկեր` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցության ժամանակաշրջան:
Այս ժամանակահատվածում որպես հիմնական ձեռքբերում ու համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ կարելի է համարել սոցիալական գործընկերների միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրերը, որոնց շրջանակներում կողմերը համագործակցել և հնարավորինս համաձայնեցված մոտեցումներ ու լուծումներ են ձևավորել աշխատանքային հարաբերություններին, աշխատաշուկային, զբաղվածությանը և սոցիալ-աշխատանքային այլ կարևորագույն հարցերին վերաբերող կարգավորումների մասով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի գործատուների հանրապետական միության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում շարունակական համագործակցության համար»:
Միջոցառման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շնորհակալագրերով են պարգևատրվել Գործատուների հանրապետական միության մի քանի անդամներ՝ գործընկերության կայացման և հանրապետական մակարդակում արդյունավետ համագործակցության, զբաղվածության ոլորտում ակտիվ գործունեության և աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանն ուղղված ակտիվ ու հետևողական գործունեության համար:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, օտարերկրյա հյուրեր, պաշտոնատար անձինք և գործատուներ: