Հանդիպում Հայկական Կարիտասի պատվիրակության հետ

0
92

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Հայկական Կարիտասի պատվիրակությանը: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց մեր երկրում կազմակերպության գործունեության առիթով, հատկապես առանձնացնելով տարեցների և երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների աշխատանքը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Հ. Նշան Արքեպիսկոպոս Կարաքեհեյանը ներկայացրեց կազմակերպության շուրջ 11-ամյա գործունեության արդյունքները: Ռազմավարական երեք ուղղություններով` սոցիալական պաշտպանություն, առողջապահություն և կրթություն, իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված հասարակության ամենակարիքավոր խմբերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցությունը սերտացնելու, փորձի, տեղեկատվության փոխանակման մեխանիզմները կատարելագործելու հարցերը: Դա հնարավորություն կտա կազմակերպությանը բարձրացնել ցուցաբերվող աջակցության հասցեականությունը, մյուս կողմից` խուսափել կրկնություններից: Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Մխոյանը նշեց, որ կազմակերպությունն ակնկալում է նախարարության աջակցությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն արդեն պետական բյուջեից որոշակի միջոցներ է տրամադրում հասարակական կազմակերպություններին, նա խնդրեց հնարավորության դեպքում համաֆինանսավորել կարևոր նշանակություն ունեցող ծրագրերը: Խնդիր է նաև ցերեկային խնամքի հաստատությունները պետական չափորոշիչներին համապատասխանեցնելու և լիցենզավորելու հարցը, որը և կլինի հետագա համագործակցության կարևոր ուղղություններից մեկը: