Սոցիալական նոր ծառայության պատվիրակում հասարակական կազմակերպություններին

0
151

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը /ՀՀ ԱՍՀՆ/ ԱՄՆ ՄԶԳ Հայաստան սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ, հուլիսի 16-ին կազմակերպել էր նախամրցութային տեղեկատվական սեմինար` դրամաշնորհային մրցույթին մասնակցել ցանկացող ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպությունների /ՀԿ/ համար:

Մրցույթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ս./թ. աշնանը հաշմանդամների համար ցերեկային խնամքի համայնքային փորձնական կենտրոններ ստեղծելն է:

Կենտրոնները կաջակցեն հաշմանդամներին` նրանց մատուցելով ծառայություններ (հոգեբանական, խարհրդատվական, ինքնասպասարկման կարողությունների ձեռքբերում, նախամասնագիտական ուսուցում և այլն), իսկ նրանց խնամատարների համար կապահովեն խորհրդատվական օգնություն` հաշմանդամներին մատուցվող խնամքի վերաբերյալ:

Սեմինարի ընթացքում կազմակերպությունները ստացան անհրաժեշտ տեղեկություններ` դրամաշնորհի նպատակների, խնդիրների, հայտերի լրացման ու ներկայացման կարգի, մրցույթի գնահատման չափանիշերի, ժամանակացույցի մասին:

Հիշեցնենք, որ ս./թ. հուլիսի 1-ին նախարարությունը` ԱՄՆ ՄԶԳ Հայաստան ՍՊՀՀ ծրագրի աջակցությամբ, հայտարարել էր ծրագրային առաջարկների բաց մրցույթ պետական գրանցում ունեցող, ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպությունների համար` հաշմանդամների ցերեկային խնամքի համայնքային կենտրոն ստեղծելու նպատակով:

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 30-նն է, որից հետո ընտրող հանձնաժողովը /ՀՀ ԱՍՀՆ, ԱՄՆ ՄԶԳ, ՍՊՀՀ ծրագիր, քաղաքացիական հասարակության փորձագետներ/ կուսումնասիրի և կընտրի լավագույն առաջարկը` հիմնված ծրագրային հայտի պահանջների վրա:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն ս./թ. օգոստոսի 30-ին: