Հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման ընթացքն ու դրանց արդյունքները, խոչընդոտներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով մայիսի 24-ին հրավիրված աշխատաժողովին մասնակցում էին խնդրով հետաքրքրված և շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ, Երևանի և մարզերի դպրոցների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի առաջին հատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը» ներկայացրեց 2013 թվականից մինչ օրս իրականացրած աշխատանքները: Մասնավորապես խոսվեց դպրոցում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման առաջարկվող մոդելի, արդեն մշակված մեթոդաբանության, գործիքակազմերի մասին, ինչպես նաև Երևանի և հանրապետության մարզերի թվով 308 դպրոցի 637 մասնագետի վերապատրաստման, շարունակական մեթոդական խորհրդատվության արդյունքների մասին: 2016թ. մասնագիտական կողմնորոշման աշխատանքների և մեթոդաբանության ազդեցության գնահատման նպատակով աշակերտների շրջանում Կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները փաստում են դպրոցում մասնագիտական կողմնորոշման ծրագրի կանոնավոր և պարտադիր իրականացման կարևորությունը և անհրաժեշտությունը:
Ի լրումն Կենտրոնի իրականացրած աշխատանքների՝ ներկայացվեց նաև «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից կատարված նախաձեռնությունները, ինչը կարելի է դիտարկել պետական և հասարակական հատվածների փոխգործացության լավագույն օրինակ:
Ներկայացվեցին նաև Կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված աշխատանքները: ՀՀ Կառավարությանն առընթեր «Ռազմավարական նախաձեռնություններ կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչն էլ իր հերթին, առաջարկությունների համատեքստում, առաջադրեց կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիներ:
Աշխատաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հիմնական բանախոսները փաստեցին հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կարևորությունը և այն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա արդեն եկող ուսումնական տարում դպրոցներին վերապահելու սույն աշխատանքների անցկացման պատասխանատվությունը, իսկ մեթոդական ապահովումը, համապատասխան մասնագետների վերապատրաստումը և խորհրդատվությունը կշարունակի իրականացնել Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը:
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ: