ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները, Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը ՀՀ կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակին:
Մարզերում և Երևանում գործող երեխայի խնամքի հաստատությունների, տուն-ինտերնատների անձնակազմը վաղ առավոտից սկսել է հաստատությունների հարակից տարածքների մաքրման և աղբահեռացման աշխատանքները: Հաստատություններում բնակվող տարեցներն ու երեխաները նույնպես անմասն չեն մնացել մաքրման աշխատանքներից, նրանք նույնպես ձեռնամուխ են եղել «Մաքուր Հայաստան» ունենալու վեհ գաղափարի իրագործմանը:
Վարագավան գյուղի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքը նույնպես մաքրվել է աղբից Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի ջանքերով:
Համապետական շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն այսօր միակարծիք էին մեկ բանում՝ «Մաքուր Հայաստան» ունենալու համար նման աշխատանքները ոչ թե մեկ, այլ՝ յուրաքանչյուր օր պետք դառնա բոլորիս առօրյայի մասը: