ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ 2005-2009թթ. իրականացնում է «Բնակչության և զարգացման ռազմավարություններ» /ԲԶՌ/ ծրագիրը, որի հիմնական նպատակն է հզորացնել ազգային կարողությունները ժողովրդագրության բնագավառում և ապահովել, որպեսզի ազգային և ճյուղային քաղաքականություններում և ռազմավարություններում հաշվի առնվեն բնակչության դինամիկայի հետևանքները (ցածր ծնելիություն, միգրացիա, ծերացում):
«Բնակչության և զարգացման ռազմավարություններ» ծրագրի շրջանակում 2006թ. ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացրել է «Ընտանիք» ինստիտուտի ընտրանքային հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել և վեր հանել «Ընտանիք» ինստիտուտին վերաբերող հիմնական ցուցանիշները: Այդ ցուցանիշները պետք է օգտագործվեն «Ընտանիքի նկատմամբ պետական քաղաքականության հայեցակարգը» մշակելիս: Վերոնշյալ հետազոտությունն իրականացվել է ՀՀ-ի բոլոր մարզերում, ներառյալ Երևան քաղաքը, որի ընտրանքը կազմել է 2500 տնային տնտեսություն: Հետազոտության արդյունքներն ամփոփվել են, և 2007թ. լույս է տեսել «Ընտանիք» ինստիտուտի վերաբերյալ հետազոտության զեկույցը:
Հետազոտության անցկացումը պայմանավորված է վերջին մեկուկես տասնամյակում հայկական ընտանիքում կատարվող էական փոփոխություններով, դրանց համակողմանի ուսումնասիրության, հիմնախնդիրների վերհանման ու կոնկրետ լուծումների մշակման անհրաժեշտությամբ: Ուսումնասիրվել է ընտանիքի սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը, բնակարանային և բնակության պայմանները, եկամուտների և ծախսերի կառուցվածքը, միգրացիան ու դրա ազդեցությունն ընտանիքի առանձին բնութագրիչների վրա:
Հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ, արտացոլում են ձևավորված իրավիճակն ու թույլ են տալիս արձանագրել, որ ընտանիքը, որպես օրգանական ամբողջություն, այսօր կանգնած է ոչ միայն տնտեսական, այլև հասարակական, քաղաքական, մշակութային և հոգեբանական լուրջ հիմնախնդիրների առաջ: Վերջին մեկուկես տասնամյակի զարգացումները (տնտեսական, քաղաքական, հասարակական ու մշակութային) դեռևս շարունակում են էապես ազդել հայաստանյան ընտանիքի, նրա կազմի, կառուցվածքի, սոցիալ-ժողովրդագրական բնութագրի վրա: Այսպես, ըստ հարցման արդյունքների, 1-4 անձից բաղկացած ընտանիքները կազմում են ընտրանքի 84.4, իսկ 5 և ավելի անձից կազմվածները` ընդամենը 15.6%-ը, հետազոտված ընտանիքների ընդամենը 44.9%-ում կա մինչև 18 տարեկան երեխա, որից 19.3%-ում կա 1 երեխա, 19.1-ում` 2 երեխա, 3 և ավելի անչափահաս երեխա կա հետազոտված ընտանիքների ընդամենը 6.5%-ում: Այլ կերպ ասած, ներկայումս հայաստանյան ընտանիքներում երեխաների թիվը նվազել է նախկին 2-3-ից ներկայիս 1-2-ի:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ «Ընտանիք» ինստիտուտի ընտրանքային հետազոտության արդյունքների ներկայացում