2007թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծի քննարկումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը մշակել էր Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և ներկայացրել Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների, այլ գերատեսչությունների:
Ստացված առաջարկություններն ու հարցադրումները աշխատանքային խումբը համադրել, վերամշակել էր և ներկայացրել աշխատանքային օրենսգրքի փոփոխված, լրամշակված տարբերակը:
Քննարկումները տևել են 2-3 ամիս: Այսօր վերջին աշխատանքային քննարկումն էր: Քննարկման մասնակիցներն էին` ՀՀ Կենտրոնական բանկի, քաղաքացիական ծառայության խորհրդի, գլխավոր դատախազության, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, Վճռաբեկ դատարանի, աշխատանքի պետական տեսչության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, առևտրաարդյունաբերական պալատի, առողջապահության, արդարադատության, տարածքային կառավարման, էներգետիկայի, գյուղատնտեսության և կրթության ու գիտության նախարարությունների ներկայացուցիչները:
Քննարկման սկզբում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ պարոն Ա. Պետրոսյանը ողջունեց մասնակիցներին և մաղթեց աշխատանքային արդյունավետ օր, քանզի Աշխատանքային օրենսգիրքը աշխատանքային հարաբերությունները կարգավորող ամենակարևոր փաստաթուղթն է, և իրենց ընդունած որոշումները շատ կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար:
Քննարկվում էին այն հոդվածները, որտեղ փոփոխություններ էին կատարվել: Հոդվածների փոփոխության հիմք էին հանդիսացել Սահմանադրական դատարանի որոշումները, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի զեկույցները, կոնվենցիաների դրույթները, քաղաքացիների բողոքները:
Ներկայացնողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Վահան Սիմոնյանն էր: Սկզբում տրվում էր գործող հոդվածը, այնուհետև կատարված փոփոխությամբ և հիմնավորված տարբերակը, հետո` վերջնական ձևը: Փոփոխություններ կատարվել էին 68 հոդվածում: Յուրաքանչյուր հոդվածի ընթերցումից հետո այն քննարկվում էր տեղում, վերլուծվում բազմակողմանիորեն, տեղի էր ունենում կարծիքների փոխանակում և ընդունվում կամ չէր ընդունվում վերջնական տարբերակը:
Մասնակիցները կարևորում էին այն փաստը, որ Աշխատանքային օրենսգրքում տեղ գտած յուրաքանչյուր փոփոխություն պետք է աշխատողի և գործատուի շահերը պաշտպանի հավասարաչափ: