ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքը հայտարարում են հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ

0
145

2007թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքը հայտարարում են հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է` բարձրացնել Հայաստանում հաշմանդամության խնդիրների մասին իրազեկվածությունը և նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը:
Միամսյակի միջոցառումների ծրագրով նախատեսված են ցուցապաստառների տարածում, կլոր սեղան-քննարկումներ, կինոդիտումներ Երևանի և հանրապետության մարզերի դպրոցներում, դասախոսություններ համալսարաններում, ինչպես նաև հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն, լրատվամիջոցների մինի ֆուտբոլի մրցաշար` «ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով:
Կարևորելով հեռուստաընկերությունների դերը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման գործում խնդրում ենք միանալ մեր նախաձեռնությանը և առանձնակի ուշադրություն դարձնել հաշմանդամ մարդկանց և նրանց խնդիրներին:
Վստահեցնում ենք, որ դրանով մեծապես կնպաստեք Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամ մարդականց իրավունքների պաշտպանության գործին, մեր հասարակությանը հնարավորություն կտաք խորությամբ ծանոթանալ հաշմանդամների խնդիրներին, հասարակական գիտակցության մեջ արմատավորել այն իրողությունը, որ հաշմանդամ մարդիկ իրականում կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, եթե նրանց համար ստեղծվեն համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ:
Շնորհակալություն Ձեր մշտական աջակցության համար: