Հարգելի քաղաքացիներ.

0
71

Ինչպես հայտնի է, 2006թ. ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով բնական գազ օգտագործող և ֆիզիկական, և իրավաբանական անձանց սուբսիդիա էր տրամադրվում: Ֆիզիկական անձանց պարագայում 1000 խոր.մետր գազի 84 000 դրամ սակագնի փոխարեն մարդիկ վճարում էին 59 000 դրամ: 2008թ. մայիսի մեկից սուբսիդիայի տրամադրումը, ինչպես և նախատեսվում էր, դադարեցվելու է:
Անապահով ընտանիքների ֆինանսական վիճակը չբարդացնելու նկատառումով` դեռևս անցյալ աշնանը, 2008թ. բյուջեի ձևավորման ժամանակ, կառավարությունը քննարկել է այս հարցը: Նպատակն էր` հնարավորինս մեղմել սուբսիդիայի վերացման բացասական ազդեցությունը աղքատ ընտանիքների համար: Իբրև լուծում` մենք ընտանեկան նպաստներին հատկացվող բյուջեի գումարը կտրուկ ավելացրեցինք, որից 1,2 միլիարդ դրամը` հատուկ նշված խնդիրը կարգավորելու համար: Սա հնարավորություն տվեց միջին նպաստի չափը 2008-ին հասցնել 21 100 դրամի: Ուզում ենք ընդգծել, որ այդ 1,2 միլիարդը մոտ 2 անգամ ավելին էր, քան այն կորուստը, որ ունենալու են գազ օգտագործող նպաստառու ընտանիքները:
Միաժամանակ հավաստիացնում ենք, որ կառավարությունը քննարկում է բնակչության խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանն ուղղված նոր միջոցառումների հնարավորությունը, ինչի մասին Ձեզ կտեղեկացնենք առաջիկա ամիսներին: