Բռնադատվածների և նրանց առաջին հերթի ժառանգների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագիր

0
253

Բռնադատվածներին և նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու գործընթացը նախարարությունը սկսել է իրականացնել 2000 թվականից: «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 20-ի թիվ 410 որոշման համաձայն, բնակարանային պայմանների բարելավման նպատակով, բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին իր նախկին բնակության վայրում տրվում էր սահմանված չափի հողատարածք` բնակարանային անհատական շինարարություն իրականացնելու նպատակով: Այլ հանրապետություններից բռնադատվածներին հողատարածք էր տրամադրվում ՀՀ կառավարության կողմից սահմանված մարզերում /Արարատ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր/: 2005 թվականին օրենքում կատարվեց փոփոխություն, ինչի արդյունքում բռնադատվածներին ու նրանց առաջին հերթի ժառանգներին հողատարածք տրամադրվում էր ոչ միայն նախկին, այլև վերջին 3 տարվա բնակության վայրում: Միաժամանակ թույլատրվեց նաև վարկով ոչ միայն բնակարան կառուցել, այլև` գնել, ընդ որում` ՀՀ ցանկացած բնակավայրում: Բռնադատվածների և նրանց առաջին հերթի ժառանգների բնակարանային պայմանների կարիքավորության չափորոշիչները սահմանված են ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N1106 որոշմամբ, ըստ որի բնակարանային պայմանների կարիքավորության չափանիշ է համարվում այն, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամին բաժին ընկնող բնակմակերեսը չի գերեզանցում 5քառ.մետրը, կամ տունը վթարային է, կամ մարդն անօթևան:
2000 թվականից առ այսօր վարկ ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել 739 քաղաքացի: 2002-2008 թվականներին վարկ է ստացել 191 քաղաքացի: Այսօրվա դրությամբ նախարարությունում հաշվառված 356 քաղաքացու գործեր ճանաչվել են հիմնավոր: Յուրաքանչյուր տարի բռնադատվածների վարկավորման համար տրամադրվում է 150մլն դրամ, որը բավարարում է 30-35 քաղաքացու:
Ի դեպ, պետք է նշել, որ ծրագրի իրականացման սկզբնական շրջանում վարկառուների թիվը փոքր էր, ինչը պայմանավորված էր «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի խիստ պահանջներով ու սահմանափակումներով /մասնավորապես, պահանջվում էր արխիվային տեղեկանք կորցրած գույքի մասին/, որոնք պարզեցնելու նպատակով նախարարության առաջարկությամբ փոփոխություններ կատարվեցին օրենքում և 2003 թվականից արդեն հնարավորություն տրվեց առավել մեծ թվով բռնադատվածների վարկավորման համար հայտ ներկայացնել, սակայն վարկ ստացողների փաստացի թիվը փոքր է, ինչը կապված է ՀՀ պետական բյուջեում այդ նպատակի համար նախատեսվող սուղ միջոցների հետ:
Համաձայն գործող կարգի, վարկը տրամադրվում է 25 տարով, տարին 1% տոկոսադրույքով, մարումն սկսվում է 3-րդ տարվանից: Վարկի գումարը, կախված վարկի օգտագործման նպատակից կազմում է 2-5մլն դրամ: Գործընթացը նման դանդաղ տեմպերով իրականացման դեպքում (եթե յուրաքանչյուր տարի այդ նպատակով պետական բյուջեից հատկացվի 150մլն դրամ, անհրաժեշտ կլինի շուրջ 7 տարի նախարարության հերթը մարելու համար): Այս տարվա ընթացքում հաշվառված բռնադատված քաղաքացին վարկ կստանա 2013-2015 թվականներին:
Ելնելով վերոգրյալից, նախարարությունն առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն, ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի այդ նպատակով նախատեսել ոչ թե 150մլն դրամ, այլ առնվազն 400մլն, որպեսզի հնարավոր լինի գոնե 2-3 տարվա ընթացքում բավարարել վերջին 3 տարիներին հաշվառված քաղաքացիների դիմումները: