2008 թվականի մայիսի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Վարդանյանն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էլեյն Ֆուլցին:
Շնորհավորելով հյուրին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պարոն Վարդանյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին ՀՀ կառավարության և ԱՄԿ-ի միջև համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա ներկայացրեց «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի հիմնական բաղադրիչների` զբաղվածություն, սոցիալական գործընկերություն, առողջ աշխատանք և այլն, ուղղությամբ կատարված աշխատանքները, շեշտելով, որ ԱՄԿ-ի հետ գործընկերությունը որոշակի մշակույթ է մտցրել աշխատանքային և սոցիալ-աշխատանքային հարաբերություններ:
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ԱՄԿ-ի 29 կոնվենցիաներից 15-ի վերաբերյալ 2007թ. ներկայացվել են ազգային զեկույցներ, ևս 3-ը պատրաստ են, 8 կոնվենցիաների զեկույցներ ընթացքի մեջ են:
Պարոն Վարդանյանը խոսեց նաև եռակողմ սոցիալական գործընկերության հանրապետական կոլեկտիվ պայմանագրի մշակման ուղղությամբ կատարվող և կատարվելիք աշխատանքների, սոցիալական գործընկերների հետ տարվող խորհրդափոխանակությունների ընթացքի մասին:
Տիկին Ֆուլցը ևս իր գոհունակությունը հայտնեց ԱՄԿ-Հայաստան հետզհետե սերտացող հարաբերությունների վերաբերյալ, նշելով, որ ԱՄԿ-ն պատրաստ է աջակցել մեր երկրին աշխատանքի անվտանգության, կենսաթոշակային բարեփոխումների, հանրապետական կոլեկտիվ պայմանագրի, միգրացիայի, թրաֆիկինգի և այլ խնդիրների լուծման գործում:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Շարունակվում է համագործակցությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ