2008 թվականի մայիսի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Վարդանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:
Շնորհավորելով հյուրին բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, պարոն Վարդանյանը ներկայացրեց 2005թ. հունվարին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կատարված` փորձի և տեղեկատվության փոխանակման աշխատանքների մասին:
Քննարկվեց զբաղվածության և հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության ուղիների, մասնավորապես` զբաղվածության ծրագրերի շրջանակներում երկու երկրների պրոֆտեխնիկական ուսուցման մասնագետների համար ուսումնական դասընթացներ կազմակերպելու խնդիրը:
Դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը և պատրաստակամություն հայտնեց իր երկրի հարուստ փորձը կիսել հայ մասնագետների հետ:
Կողմերը պայմանավորվեցին մինչև հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 8-րդ համատեղ նիստը մշակել կոնկրետ ծրագրեր և ընդգրկել օրակարգ:
Քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: