Մեկնարկել է Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի կողմից իրականացվող «Աշխատանքի բանաձև» ամառային ծրագիրը

0
115

Երևանի և հարակից քաղաքների ավելի քան քսանհինգ եր?տասարդներ հուլիսի 15-29-ը կփորձեն բացահայտել աշխատանք գտնելու իրենց բանաձևը: Նախաձեռնությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնինն է: Շաբաթական երկու անգամ հանդիպումների ընթացքում մասնակիցները կտեղեկանան ՀՀ-ում աշխատաշուկայի պատկերի, զբաղվածության պետական ծրագրերի, աշխատանք փնտրելու հնարավորությունների, գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջների, գործատու-աշխատող իրավահարաբերություններում կարևոր պայմանների, կարիերան պլանավորելու մասին, ստացած տեղեկատվությունը կամրագրեն գործնական, խմբային աշխատանքներով, դերային խաղերով: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ, բանավեճեր:
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ երիտասարդների հետ առաջին հանդիպումը, որի ընթացքում մասնակիցներն իրենք առաջադրեցին աշխատանք գտնելու կարևոր գործոնները, բացահայտեցին խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Հանրապետությունում աշխատաշուկայի պատկերի և զարգացումների, զբաղվածության ցուցանիշների, պետական ծրագրերի, երիտասարդության շրջանում գործազրկության հիմնախնդիրների մասին խոսեցին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը, աշխատաշուկայի վերլուծության կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը և ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աշխատանքի տնտեսագետ Գրիգոր Գյուրջյանը:
Երիտասարդների ակտիվ մասնակցությունը և նրանց կողմից բարձրացված հարցադրումները առավել հետաքրքիր և արդյունավետ դարձրեցին հանդիպումը:
«Աշխատանքի բանաձև» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հաջորդ դասընթաց-հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին, երբ մասնակիցները կքննարկեն աշխատանք փնտրողի կողմից գործատուին ներկայացվող փաստաթղթերի մշակման և հարցազրույցի անցկացման առանձնահատկությունները և կառաջադրեն լուծումներ:
Ի դեպ, ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, առանձին փորձագետների հետ գործընկերությամբ և Համաշխարհային հայկական կոնգրեսի Հայաստանի մասնաճյուղի երիտասարդական կազմակերպության, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ: