Համագործակցությունը շարունակվում է

0
76

Հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Անդրեա Վիկտորինիին: Ողջունելով հյուրին` նախարարը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) կողմից մեր երկրում իրականացրած ծրագրերի վերաբերյալ, նշելով, որ նախարարությւոնը հիմնականում ընդգրկված է եղել սննդապահովման, համայքների զարգացման և երկրաշարժի գոտում ինքնօգնության միջոցառումների խրախուսման ծրագրերում:
Տիկին Վիկտորինիին ներկայացվեց նաև գերմանական կողմի հետ նախատեսվող նոր համագործակցության ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների կողմից և կունենա երեք բաղադրիչ. համայնքային զարգացում, տարածքային տնտեսական զարգացում և զբաղվածության աջակցություն:
Պարոն Համբարձումյանը նշեց, որ բարեփոխումների այս փուլում նախարարությունը կարևորում է հատկապես սոցիալական գործընկերության, վճարովի հիմունքներով մատուցվող սոցիալական ծառայությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերապատրաստման ու աշխատանքի տեղավորելու խնդիրների վերաբերյալ գերմանական փորձը:
Տիկին դեսպանը խոսեց հատկապես զբաղվածության ոլորտում իր երկրի ձեռքբերումների մասին և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել նախարարի նշած խնդիրների վերաբերյալ:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: