Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2008թ. հուլիսի 16-ին, նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության էին եկել 13 քաղաքացիներ, որոնցից 6-ը ներկայացրեցին գրավոր դիմումներ, 7-ը կարիք ունեին պարզաբանումների և խորհրդատվության: Բանավոր դիմում-բողոքներից 3-ը վերաբերում էին ընտանեկան նպաստին, 2-ը` արտոնություններին, 1-ը` հումանիտար օգնություն տրամադրելուն: Պարոն Ասատրյանը լսեց բոլոր այցելուներին, որոշ հարցերի տեղում տրվեցին լուծումներ, մյուսների վերաբերյալ նախարարի տեղակալը տվեց պարզաբանումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:
Նախարարության կողմից, տարբեր բազաներում պարունակվող տեղեկատվության համադրման մեխանիզմների կատարելագործման արդյունքում, մեծացել է ոչ հավաստի տվյալներով ընտանեկան նպաստի նշանակման դեպքերի հայտնաբերման հնարավորությունը: Նկատի ունենալով այս հանգամանքը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է բոլոր քաղաքացիներին.
սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու, մասնավորապես` ընտանեկան նպաստի համար դիմելիս քաղաքացիները պարտավոր են ներկայացնել հավաստի տվյալներ, իսկ դրանց փոփոխության մասին հայտնել մեկ ամսվա ընթացքում, որովհետև կեղծ տվյալներ ներկայացնելու կամ որևէ տվյալ թաքցնելու դեպքում տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստի իրավունքից, իսկ ավելի ստացած գումարները ետ են գանձվում: