2008թ. հուլիսի 17-19-ը և 24-26-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ արդարադատության նախարարությունների համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ ընտանեկան օրենսգրքի կիրառման և օրինազանց անչափահասների վերաբերյալ:
Մասնակցում էին նշված նախարարությունների պաշտոնատար անձինք, դատավորներ, դատախազներ, դատարանների նախագահներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լ. Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ընտանեկան օրենսգրքի կիրառման ընթացքը, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման, տեղավորման, հաշվառման, որդեգրման, խնամակալության և հոգաբարձության սահմանման, խնամատար ընտանիքում տեղավորման խնդիրները, ինչպես նաև ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ձեռքբերումները, զարգացումներն ու առկա խնդիրները: (Ընտանեկան Օրենսգիրք 11,12, 17, 18, 19, 20 գլուխներ):
Դատավորները ներկայացրեցին այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց աշխատանքներին, մասնավորապես խնդրահարույց է ՀՀ ընտանեկան օրենսգրքում ամրագրված խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությունը: Վերջիններս գործում են հասարակական կարգով և պատշաճ ձևով չեն իրականացնում օրենքով իրենց վրա դրված լիազորությունները:
Դատական համակարգի ներկայացուցիչները խոսեցին անչափահասների քրեական պատասխանատվության յուրահատկությունների, անչափահաս օրինազանցների հոգեբանական առանձնահատկությունների, ինչպես նաև ամբաստանյալ անչափահասի դատական քննության փուլում հարցաքննության, նրանց հետ վարվելու կարգի մասին: ՀՀ Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց կատարված միջոցառումները, որոնք ուղղված են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կանխմանը:
Քննարկումների արդյունքում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ ընտանեկան օրենսգրքի կիրառման ընթացքում ծագած խնդիրներին օրենսդրական լուծում տալու համար: Առաջարկվեց ՀՀ ընտանեկան օրենսգրքով խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված երեխաների իրավունքների պաշտպանության լիազորություններւը վերապահել նաև ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին, որտեղ գործում են երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ:
Որոշվեց անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունների վերաբերյալ 2009թ. իրականացնել հետազոտություն:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ 2008թ. հուլիսի 17-19-ը և 24-26-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ արդարադատության...