Շրջայց Խարբերդի մասնագիտացված մանկատանը

0
87

2008թ. օգոստոսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը, նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ Լ. Ղազարյանը և այլ աշխատակիցներ կատարեցին շրջայց Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
Այցի նպատակն էր ծանոթանալ օրերս ավարտված մանկատան երեք սենյակների վերանորոգման աշխատանքներին, որոնք կատարվել են «Հայաստանի ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ ծննդի» բարեգործական հիմնադրամի կողմից, որի նախագահն է Հովհաննես Բալայանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Նա նաև «Քաջ Նազար» ամսագրի գլխավոր խմբագիրն է, որը լույս է տեսնում ԱՄՆ-ում: Մանկատան տնօրեն Հ. Բալասանյանը  մանրամասն ներկայացրեց վերանորոգված սենյակները, մանկատան հարմարությունները, բակը, կաթսայատունը, նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ընթացքը:
Նախարարին երեխաները ողջունեցին երգ ու պարով, որից հետո նա շրջեց մանկատան բոլոր սենյակներով և տեղում ականատես եղավ երեխաների առօրյային: Ներկայացվեցին երեխաների սննդի բաշխման կարգը, սանիտարահիգիենիկ պայմանները, բուժօգնության համապատասխան ձևերը:
Շրջայցի մասնակիցները եղան նաև վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի սենյակում, որտեղ  ֆիզիկական մարզման շնորհիվ վերականգնվում են երեխայի մարմնական որոշակի ֆունկցիաները: Կենտրոնը վերանորոգվել է Շվեյցարիայի UBS-Union  Բանկի հաճախորդներից մեկի նվիրատվության շնորհիվ:

Շրջայցին հաջորդեց քննարկում մանկատան զարգացման նոր ծրագրերի, ՀՀ խորը մտավոր կարիքներով երեխաների հիմնահարցի ամբողջական լուծման սխեմայի վերաբերյալ, որը կապահովի երեխայի տվյալ հաստատությունից դեպի հասարակություն տանող ճանապարհի արդյունավետությունը, հնարավոր անկախության և ինքնուրույն ապահովումը:

«Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրազեկ լինի նմանատիպ հաստատությունների գոյության մասին և անմիջական մասնակցություն ունենա ներսում կատարվող աշխատանքներին, անհանգստացնող խնդիրների ու հարցերի լուծման գործընթացին: Այս երեխաները նույնպես մեր հասարակության լիարժեք անդամներն են, որոնք կարիք ունեն մարդկային ջերմության, խնամքի և հոգածության»,- իր խոսքում նշեց նախարարը:

Ի դեպ` Խարբերդի մասնագիտացված մանկատունը ստեղծվել է 1953թ. որպես սոցիալբուժառողջապահական հաստատություն, որտեղ իրականացվում են կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող 6 տարեկանից բարձր  հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքը: Մանկատանը  խնամվողների ընդհանուր  թիվը  258-ն է, այդ թվում`144 տղա և 114 աղջիկ (16 խումբ, յուրաքանչյուրում մոտավորապես խնամվում և դաստիարակվում է 16 երեխա): Խմբերի բաժանումը կատարվում է ըստ հիվանդությունների տեսակի (ախտորոշման) և տարիքի:
Մանկատան սաների համար կազմակերպվում են.

  • շուրջօրյա  խնամք
  • երեխայի ուսուցում` հնարավորությունների շրջանակներում
  • ինքնասպասարկման հմտություններ
  • ֆիզիկական արատների և հոգեբանական խնդիրների կորեկցիա
  • կանխարգելում  և բուժում
  • վերականգնողական տարբեր  միջոցառումներ