Շրջայց նախարարության ենթակայության հաստատություններում

0
73

Փետրվարի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Մնացականյանն այցելեց նախարարության ենթակայության մի շարք հաստատություններ: Նախարարը եղավ երեխաների խնամքի և պաշտպանության Երևանի թիվ 1, թիվ 2, Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություններում, Երևանի “Մանկան տանը”, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում, Նոր-Նորքի զբաղվածության տարածքային գործակալությունում:

Նախարարը մանրամասնորեն ծանոթացավ հիմնարկների շենքային պայմաններին, աշխատանքների կազմակերպման ընթացքին: Հատուկ ուշադրության արժանացան խնամքի հաստատությունների բուժկետերը և խոհանոցները: Գիշերօթիկ խնամքի հաստատությունները հիմնականում տեղակայված են հին շենքերում, տարիներ շարունակ վերականգնողական, գույքի թարմացման աշխատանքներ չեն տարվել: Նախարարը տնօրենների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն թերությունների վրա, որոնց վերացումը կապված չէ ֆինանսական մեծ ներդրումներ հետ և հանձնարարեց շուտափույթ վերացնել դրանք: Պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Երևանի “Մանկան տան” տնօրենին` աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: