Համագործակցության նոր քայլ մասնագիտական կողմնորոշման քաղաքականության ոլորտում

0
124

Կարևորելով հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման միասնական քաղաքականության վարումը և դեռահասների ու երիտասարդների նախասիրություններին և ունակություններին համապատասխան մասնագիտության ընտրության և դեպի աշխատաշուկա ուղղորդման անհրաժեշտությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր:
Եռակողմ փաստաթղթի ստորագրումը բխում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2009թ. հոկտեմբերի 21-ին “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականից:
Փոխհամագործակցության հուշագիրը նպատակ ունի մասնագիտական կողմնորոշման միասնական քաղաքականության իրականացման և գործուն համակարգի ներդրման միջոցով աջակցել դեռահասներին և երիտասարդներին` մասնագիտության գիտակցված ընտրության հարցում, ուղղորդել նրանց դեպի աշխատաշուկա` նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Ի թիվս այլ խնդիրների` փաստաթղթով կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ մշակել ոլորտի քաղաքականությանն ուղղված “Մասնագիտական կողմնորոշման իրականացման” հայեցակարգը և դրանից բխող գործողությունների պլանը, նաև` կազմակերպել և անցկացնել հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստում` “Մասնագիտական կողմնորոշում” թեմայով:
Հուշագրի ստորագրումը կարևոր սկիզբ է հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համատեղ քաղաքականության իրականացման համար: Հաջորդող քայլերով կմշակվեն աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները` ըստ տարիքային խմբերի, հանրապետության բոլոր դպրոցներում աշակերտների համար հնարավորություն կստեղծվի օգտվելու մասնագիտական կողմնորոշման ծառայություններից, կնախատեսվեն այլ միջոցառումներ: