Փետրվարի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանը: Մասնակցում էին ՀՀ փոխմարզպետներ, մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովի նախագահներ, ՀՀ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ:
Օրակարգում ներառված էր երեք հարց. մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների հաշվետվությունը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն ուղղված` 2009թ. ընթացքում կատարած աշխատանքներ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի նախագծի քննարկում, հաշմանդամների հիմնախնդիրներին վերաբերող ինտերնետային կայքի ստեղծում:
Օրակարգի հաստատումից հետո բոլոր փոխմարզպետները ներկայացրեցին 2009թ. կատարված աշխատանքները, խնդիրները, 2010թ. աշխատանքային ծրագրերը: Պետք է նշել, որ մարզային հանձնաժողովների ստեղծումը մեծապես նպաստել է համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանը և մեծ թվով հարցեր արդեն իսկ լուծվել են կամ գործընթացի մեջ են: Դրական տեղաշարժեր կան թեքահարթակների կառուցման, վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծման, հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հարցերում: Որակապես բարելավվել է նաև համագործակցությունը ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որի արդյունքում բազմաթիվ միջոցառումներ իրականացվում են համատեղ: Սակայն, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում շարունակում է գերխնդիր մնալ շրջակա միջավայրի հարմարեցումը և հաշմանդամների զբաղվածության հարցը: Բացի ընդհանուր խնդիրներից` կան նաև յուրաքանչյուր մարզին բնորոշ չլուծված հարցեր, որոնց լուծմանն էլ ուղղվելու են ինչպես ազգային, այնպես էլ մարզային հանձնաժողովների 2010թ. աշխատանքները:
Օրակարգի երկրորդ հարցը` ազգային հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագիրը, ներկայացրեց նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը: Այն հաստատվեց միաձայն:
Հաշմանդամների հիմնախնդիրներին վերաբերվող ինտերնետային կայքի վերաբերյալ որոշում կկայացվի հանձնաժողովի անդամների կողմից 10-օրյա ժամկետում ներկայացվելիք առաջարկությունները քննարկելուց հետո:
Պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` կատարած աշխատանքի և շահագրգիռ քննարկումների համար և մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երկու հարցի վրա: “Խնդրում եմ հատկապես մարզերում հետևողական լինել` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելուն աջակցելու գործում: Սա մեր կառավարության և նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է, և մենք ակնկալում ենք Ձեր օժանդակությունը”,- նշեց նախարարը: Երկրորդ հարցը վերաբերում էր Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: ՀՀ կառավարությունը միջոցառումներ է նախատեսել հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ, սակայն նախարարը խնդրեց հատկապես մարզերում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել պատերազմի վետերաններին: