Կոլեգիայի նիստ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
97

Փետրվարի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց: Զեկուցումով հանդես եկավ նախարարության աշխատակազմի ղեկավար Ձ. Մարգարյանը: Նա ներկայացրեց 2010թ. ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվելիք հիմնական, ՀՀ ԱՍՀՆ նախարարի անմիջական հսկողության ներքո գտնվող ծրագրերը: Դրանք են` սոցիալական նպաստների հասցեականության մեծացում, կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի մեկնարկ, ժողովրդագրական իրավիճակի, աշխատանքային օրենսդրության բարելավում: Բացի նշված 4 ծրագրերից, ներկայացվեցին ՀՀ վարչապետի հանձնարարականները. ուսումնասիրելով միջազգային փորձը` 2010թ. աշխատանքային ծրագրում ներառել հաշմանդամության սահմանման` աշխատունակության աստիճանը որոշող մոդելին անցման հայեցակարգի մշակման, աշխատաշուկայի պահանջակի հարցման մեթոդաբանությունը եվրոստատի մեթոդաբանությանը համապատասխանեցնելու, ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվելիք փոփոխության և մի շարք այլ խնդիրներ, որոնց իրականացումը կապահովի ՀՆԱ-ի զգալի աճ:

Նախարարի տեղակալներ Ա. Պետրոսյանը, Ջ. Բաղդասարյանը և Ա. Ասատրյանը մանրամասնորեն ներկայացրեցին իրենց համակարգման ոլորտների ծրագրերը, արդեն իսկ կատարված աշխատանքները, հատկապես այն խնդիրները, որոնց լուծումը հնարավոր է ինչպես պետական այլ գերատեսչությունների, այնպես էլ սոցիալական գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Պարոն Պետրոսյանը նշեց, որ ՀՆԱ-ի աճի վրա որշակի ազդեցություն կունենա աշխատանքի և զբաղվածության ոլորտը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

Ա. Ասատրյանը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը: “Կա ՀՀ կառավարության որոշում` բարեփոխումների կառավարման խորհրդի մասին, գերատեսչությունների հստակ ցանկ, պետք է հաստատվի միջոցառումների ծրագիրը, բոլոր պետական մարմիններում ստեղծվելու են աշխատանքային խմբեր: Բարեփոխումների օրենսդրական փաթեթն արդեն Ազգային ժողովում է: Ստեղծվել է հանրային իրազեկման աշխատանքների միջգերատեսչական աշխատանքային խումբ: Կան նաև որոշակի ռիսկեր: Անհրաժեշտ է հնարավորինս արագ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում ներդնել անձնավորված հաշվառման համակարգը, իրականացնել ուսուցման, վերապատրաստման ծրագրեր` գործընթացում ներգրավված անձանց համար, ներդնել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ, նորացնել տեղեկատվական բոլոր բազաները”,-նշեց պարոն Ասատրյանը: Ինչ վերաբերում է պետական նպաստների հասցեականության մեծացմանը, ապա ըստ պարոն Ասատրյանի` “Եթե ստվերը նվազի, ընտանիքի եկամուտների մասին ունենանք հստակ տեղեկատվություն, կարող ենք հիմք ընդունել կենսապահովման նվազագույն բյուջեի չափը: Այդ դեպքում համակարգը զգալիորեն կպարզեցվի և ընտանիքին կտրվի իր եկամուտի և կենսապահովման նվազագույն բյուջեի տարբերությունը և վերջ: Ներկայումս փորձում ենք եղած հնարավորությունների շրջանակներում կատարելագործել համակարգը. ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, մշակվում է միջոցառումների ժամանակացույց: Անհրաժեշտ է կատարելագործել պետական գերատեսչությունների տեղեկատվական համակարգերը, որպեսզի տվյալների համադրման միջոցով ստանանք հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն”,- նշեց պարոն Ասատրյանը:

Հաշմանդամության նոր մոդելի հայեցակարգը մշակելու նպատակով Ջ. Բաղդասարյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ: “Մինչև տարեվերջ հայեցակարգը պատրաստ կլինի, սակայն 2011թ. նոր մոդելին անցնելն իրատեսական չէ”,-նշեց տ. Բաղդասարյանը: “Ունիսոն” հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ալավերդյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նոր մոդելի հիքմում աշխատունակության չափի որոշումն է, որը, սակայն, անհնար է առանց միջավայրը հաշմանդամ մարդկանց կարիքներին համապատասխանեցնելու:

Աշխատանքները կազմակերպելու և ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ ներկաների կողմից եղան մեծ թվով առաջարկություններ:

Ներկայացված յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ նախարարի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ: