Հսկայական չափերի հասնող մարդկանց եկամուտների անհավասարությունն աշխարհում շարունակում է աճել

0
86

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքային հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից պատրաստված նոր զեկույցի` «Աշխատանքը 2008թ.-ին և եկամուտների անհավասարությունը ֆինանսական գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» հեղինակները գտնում են, որ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետ կապված կորստի մեծ բաժինը ընկնելու է միլիոնավոր այն մարդկանց ուսերին, ովքեր չեն կարողացել օգտվել վերջերս տեղի ունեցած տնտեսական աճի առավելություններից:
ԱՄԿ-ի հետազոտությունում առկա են հետևյալ եզրահանգումները` չնայած գոյություն ունեցող տնտեսական աճին, սկսած 1990-ական թվականներից ստեղծված միլիոնավոր նոր աշխատատեղերի առկայությանը, բազմաթիվ երկրներում եկամուտների անհավասարությունը կտրուկ աճել է, և ըստ մասնագետների գնահատականների` ներկա գլոբալ ֆինանսական ճգնաժամն էլ ավելի կխորացնի այդ անհավասարությունը:
Ըստ ԱՄԿ-ի միջազգային աշխատանքային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռայմոնդ Տորեսի` սկսած 1990-ական թվականներից կտրուկ աճել է առավել ապահովված և առավել նվազ ապահովված տնային տնտեսությունների եկամուտների տարբերությունը: Այն ֆինանսական գլոբալիզացիայի, ինչպես նաև բնակչության միջին ու անապահով խավերի եկամուտների ամրապնդմանն ուղղված` պետությունների սահմանափակ հնարավորությունների իրականացման քաղաքականության արդյունք է: Եթե չսկսվեն երկարատև կառուցվածքային բարեփոխումներ, իրավիճակն ավելի կխորանա: Ըստ նրա` եկամուտների որոշակի անհավասարությունը կարող է խթանել գործողությունները, ստեղծագործական աշխատանքն ու նորարարությունը, սակայն երբ այդ անհավասարությունը դառնում է առավել նկատելի, այն բերում է հակառակ արդյունքներ և բացասական ազդեցություն է ունենում երկրների մեծամասնության տնտեսության վրա: «Եկամուտների անհավասարության մեծ աճը վտանգ է ներկայացնում նաև հասարակության և արդյունավետ տնտեսության համար»,- նշում է ինստիտուտի տնօրենը:
Զեկույցում ներկայացված են ավելի քան 70 զարգացած և զարգացող երկրների աշխատավարձի, տնտեսության դինամիկ աճի, եկամուտների անհավասարության ժամանակակից միտումների վերաբերյալ բազմակողմանի հետազոտություններ: Հեղինակները կոչ են անում կազմակերպել երկարաժամկետ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն առավել հավասարակշռված տնտեսության ստեղծմանը, այդ թվում` ԱՄԿ-ի կողմից ընդունված «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացմանը, որը թույլ կտա համակարգել տնտեսական, աշխատանքային և սոցիալական քաղաքականությունը` զբաղվածության ապահովման, եկամուտների ավելացման ու արդյունավետ բաշխման ոլորտներում:

Զեկույցում ներառված հիմնական եզրահանգումներն են.

  • Զբաղվածության աճը տեղի է ունեցել աշխատանքային ոլորտից եկամուտների վերաբաշխման հաշվին: Վերջին քսան տարիների ընթացքում աշխարհի 73 երկրներից 51-ում, աշխատավարձի չափաբաժինը ամբողջական եկամտում կրճատվել է: Համախառն ներքին արդյունքում աշխատավարձի չափի ամենազգալի նվազումը տեղի է ունեցել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի (նվազումը` 13 կետով) երկրներում, որոնց հետևում են Ասիայի, Խաղաղ օվկիանոսյան (նվազումը` 10 կետով) և զարգացած արդյունաբերական երկրները (նվազումը` 9 կետով):
  • Այն պետություններում, որտեղ ստեղծվում են կարգավորման ցածր աստիճանով ֆինանսական նոր գործիքներ, աշխատողներն ու նրանց ընտանիքի անդամներն ավելի ու ավելի շատ են խրվում պարտքերի մեջ` ներդրումներ անելով բնակարանային շինարարության և սպառման ոլորտներում: Կայուն աշխատավարձի պայմաններում այն օգնում էր պահպանել ներքին պահանջարկը, բայց ներկա ճգնաժամը վերհանեց աճի նման մոդելի սահմանափակ բնույթը:
  • 1990-2005թթ. ընթացքում պետությունների 2/3-ն ունեցան քաղաքացիների եկամուտների անհավասար աճ: Հարուստ տնային տնտեսությունների եկամուտներն ավելի արագ են աճել, քան միջին և անապահով ընտանիքների եկամուտները:
  • Ավելի ու ավելի արագ է աճում ղեկավար պաշտոնյաների և շարքային աշխատողների եկամուտների տարբերությունը: Այսպես, 2007թ. ԱՄՆ-ում տասնհինգ կարևորագույն կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը եղել է 520 անգամ ավելի շատ, քան շարքային աշխատողներինը, այն դեպքում` երբ 2003թ.-ին տարբերությունը եղել է 360 անգամ: Նմանատիպ միտումներ կան նաև Ավստրալիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Նիդերլանդներում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: Դատելով այս ամենից` ներկա իրավիճակում հնարավոր է սպասել եկամուտների անհավասար աճ: Հեղինակները նշում են, որ նման միտումը կարող է բերել հանցագործությունների աճին, կյանքի սպասվող տևողության նվազեցման, իսկ աղքատ երկրներում` նաև բնակչության թերսնման ու երեխաների` կրթությունից դեպի աշխատաշուկա համատարած դուրս մղմանը:

Զեկույցի հեղինակներից շատերը գտնում են, որ գլոբալիզացիան աշխարհի բնակչության մեծամասնությանն օգուտ չի բերել: Ուստի պետք է խթանել աշխատանքը, կրթությունը, ներդրումները` միաժամանակ խուսափելով եկամուտների անհավասարաչափ բաշխման սոցիալապես վտանգավոր միտումներից: