Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի զբաղվածության մարզային կենտրոնի վերաբացումը

0
199

2008թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի զբաղվածության մարզային կենտրոնի բացումը: Այն հիմնովին վերանորոգվել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի կողմից:
Գավառի զբաղվածության տարածքային կենտրոնը սպասարկում է 11 համայնքի: Այստեղ գրանցված են 2625 աշխատանք փնտրողներ, որոնցից 1584-ը` կին, 503-ը` երիտասարդ: Կենտրոնն ամբողջությամբ կահավորվել է բարձրորակ և արդյունավետ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Վերաբացվել են համապատասխան պարագաներով կահավորված դասասենյակներ` աշխատանք փնտրողների և աշխատաշուկայում անմրցունակ տարբեր խմբերի հետ առանձին խմբային աշխատանքների անցկացման, ինչպես նաև աշխատակիցների շարունակական վերապատրաստման նպատակով:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մ. Յովանովիչը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, լրագրողներ:
«Զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագիտացված և արդյունավետ աշխատանքը մեծ խթան կարող է հանդիսանալ բնակչության ամենակարևոր խնդրի, որն է `աշխատանք ունենալն ու զբաղված լինելը, լուծման գործընթացում: Առաջիկայում սոցիալական ապահովության ոլորտում կիրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնք կփորձեն վերացնել աշխատաշուկայում առկա լարվածությունն ու ստեղծել հավասարակշռված վիճակ: Կենտրոններում կներդրվեն աշխատանքային նոր մոդելներ, կառավարման նորագույն մեխանիզմներ, որպեսզի բարձրացվի աշխատանքի արդյունավետությունը»,- իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը: