ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

0
83

2008թ. նոյեմբերի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Թրաֆիկինգի զոհերի բարելավված պաշտպանության համար Աջակցության և ռեսուրս կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Կենտրոնն աջակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, թրաֆիկինգի դեմ պայքարում դերակատարում ունեցող այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, նպաստելու է թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերում համագործակցությանն ազգային մակարդակում:
Կենտրոնի առկայությունը կարևոր է Հայաստանի Հանրապետությունում 2007-2009թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2008թ. մարտին վավերացրած Եվրոպայի Խորհրդի «Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցների մասին» կոնվենցիայի արդյունավետ իրականացման, թրաֆիկինգի զոհերի իրավունքների պաշտպանության մեխանիզմի ստեղծման համար:

Կենտրոնն իրականացնելու է հետևյալ հիմնական գործառույթները.

  • մարդկանց շահագործման երևույթի հետ կապված ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության աջակցություն
  • օրենսդրական դրույթների և ստանձնած միջազգային պարտավորությունների կիրարկման իրավիճակի գնահատում/ վերլուծություն, թրաֆիկինգի դեմ պայքարող կառույցներին համապատասխան տեղեկատվության տրամադրում
  • տեղեկությունների և տեղեկատվական աղբյուրների տրամադրում թրաֆիկինգի ռիսկի և անվտանգ միգրացիայի (այդ թվում` աշխատանքային միգրացիայի) վերաբերյալ
  • դասընթացների կազմակերպում սոցիալական ոլորտի աշխատողների, ՀԿ ներկայացուցիչների, լրագրողների, իրավապահ մարմինների և այլ շահագրգիռ մասնակիցն?րի համար և այլն:

Աջակցության և ռեսուրս կենտրոնը կտեղակայվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, կունենա չորս աշխատող, Ծրագրի տևողության քսաներկու ամիսների ընթացքում գույքը, տեխնիկական և կապի միջոցները կապահովվեն ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից (ֆինանսական միջոցները տրամադրել են Ֆրանսիայի, Շվեդիայի և Գերմանիայի կառավարությունները), որից հետո գործընթացը կշարունակի նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
Հուշագրի ստորագրումից հետո կստեղծվի Ղեկավար խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն նախարարության, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի, աջակցության և ռեսուրս կենտրոնի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: