2008թ. նոյեմբերի 14-ին, «Նովոստի Արմենիի» մամուլի ակումբում Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կազմակերպեց մամլո ասուլիս` հայտարարելով հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ /նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը/: Այն նպատակ ունի բարձրացնել հաշմանդամության խնդրի իրազեկվածությունը և նպաստել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Միամսյակի շրջանակներում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ Երևանում և հանրապետության մարզերում.
- ՄԱԿ-ի հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիային նվիրված օրացույցի, ցուցապաստառների, տեղեկատվական բրոշյուրների տպագրում և տարածում
- դասախոսությունների, սեմինարների, կինոդիտումների կազմակերպում հաշմանդամ երեխաների ծնողների, դպրոցականների և ուսանողների համար
- «Հավասար հնարավորություններ» խորագրով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների ամենամյա 6-րդ մրցույթի արդյունքների ամփոփում, հանդիսավոր մրցանակաբաշխություն
- «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով զանգվածային լրատվամիջոցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի 2-րդ մրցաշարի կազմակերպում
- հաշմանդամ մարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու, նրանց կրթության, սոցիալական աջակցության, անարգել միջավայրի, աշխատատեղերի ստեղծման և այլ թեմաների վերաբերյալ հեռուստահաղորդումների պատրաստում
- «Հավասար հնարավորություններ ապահովելու ճանապարհին» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում
- հաշմանդամ երեխաների և երիտասարդների արվեստի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում
- հանրապետության բոլոր քաղաքներում և համայնքներում ՏԻՄ-ի միջոցներով մեկական թեքահարթակի կառուցում որևէ կրթօջախի կամ մշակույթի տան առջև
- հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին «Միանանք հանուն հավասար հնարավորությունների» կոչով կարճ հաղորդագրության (SMS) ուղարկում բջջային կապի բոլոր բաժանորդներին
- ֆրանսիական «NO JAZZ» խմբի համերգային ծրագրի կազմակերպում:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կոչ է անում բոլորին` միանալ հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակին: Համապատասխան պայմաններ և հնարավորություններ ստեղծելու դեպքում հաշմանդամ մարդիկ ևս կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին: