Նոյեմբերի 18-ին իր դռները բացեց երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը

0
86

2008թ. նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին իր ներկայությամբ պատվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հանդիսությունն իր ողջույնի խոսքով բացեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Նա խոսելով աշխատաշուկայի և կրթության միջև եղած անհամապատասխանության մասին` կարևորեց մասնագիտական կողմնորոշման համակարգի գործարկումն ու կենտրոնի ստեղծմամբ նախանշեց դրա իրականացման նախադրյալները: Կենտրոնի ստեղծման գաղափարի, նպատակների ու գործունեության մասին խոսեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա կարևորեց նաև այս ոլորտում ներդրված շվեդա-լիտվական փորձը:

Կենտրոնի ստեղծման և գործարկման հետ կապված շատ խնդիրներ իրականություն դարձան Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի «Աշխատանք և զբաղվածություն» բաղադրիչի շրջանակներում: Այդ թվում «Գլոբալ զարգացումներ հիմնադրամի»` որպես խորհրդատու կազմակերպության միջոցով կազմակերպվեց անձնակազմի վերապատրաստում, ցուցաբերվեց խորհրդատվական աջակցություն: Կենտրոնի համար ձեռք բերվեցին գույք, սարքավորումներ, տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, նաև կապիտալ վերանորոգվեց սպասարկման համար նախատեսված տարածքը: Այս ամենի մասին խոսեց և իր տպավորությունները ներկաներին փոխանցեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի Սոցիալական ծրագրերի պատասխանատու Սուսաննա Հայրապետյանը:
Վերջում կենտրոնի առաջին այցելուները` Երևանի թիվ 139 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ Հայարփին և Գեղամը կտրեցին մուտքի կարմիր ժապավենն ու ներկաներին ուղեկցեցին վերանորոգված կենտրոն:
Ի դեպ` Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը ձևավորվել է 2007թ. հոկտեմբերին: Չունենալով աշխատանքների կազմակերպման համար հարմարեցված տարածք` կենտրոնի անձնակազմը սկսեց իր աշխատանքները. մասնագիտական կողմնորոշման համար տեղեկատվության հավաքագրում, մեթոդական նյութերի մշակում, աշխատանք դպրոցներում աշակերտների հետ, երիտասարդների հետ համատեղ «աշխատանք փնտրելու բանաձևի» բացահայտում` ընդգրկելով ոչ միայն Երևան քաղաքը, այլև հանրապետության մարզերը:
Կենտրոնի առաքելությունն է մասնագիտական կողմնորոշման միջոցով ուղղորդել դպրոցականներին աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտության ընտրության հարցում և աջակցել շուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը, նաև զարգացնել և ձևավորել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններ:
Կենտրոնն իրականացնում է մասնագիտական կողմնորոշման տեղեկատվության և խորհրդատվության ծառայություններ, որոնք ներառում են մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսուցման պայմանների և մասնագիտությունների ընտրության, գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջների, աշխատանք փնտրելու հնարավորությունների, գործատու-աշխատող իրավահարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև համագործակցելով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման, վերամասնագիտացման դասընթացներին մասնակցելու ուղղորդում, աշխատանքային միջավայրին առավել հեշտ ինտեգրվելու նպատակով դասընթացների կազմակերպում և իրականացում:
Արդեն մեկ տարի է, ինչ գործում է կենտրոնը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում նախանշվել են աշխատանքների հիմնական ուղղություններն ու գործիքները: Կենտրոնն ունի իր ասելիքը, և ինչպես փաստում է իրականությունն ու հավաստում են աշխատանքի արդյունքները, մասնագիտական կողմնորոշման տեղեկատվության և խորհրդատվության ծառայությունների կարիքն ունեն շատ շատերը: Արձագանքելով թե կրթական բարեփոխումներին և թե տնտեսական զարգացումներին` կենտրոնում կստեղծվեն բոլոր հնարավորությունները` նպաստելու աշխատաշուկային անհրաժեշտ երիտասարդ, մրցունակ աշխատուժ ունենալու համար:
Ինչպես իր խոսքում նշեց կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը,-«Մեկ տարվա աշխատանքից հետո այսօր կենտրոնն ունի արդեն իր տանիքը, ու ոչ միայն կենտրոնն ու իր անձնակազմը, այլ բոլոր-բոլորը` դպրոցականներն ու նրանց ծնողները, ուսանողները, երիտասարդներ»:
Բացման հանդիսությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը, Հայ-շվեդա-լիտվական ծրագրի ղեկավարը և այլք: