Ավարտվեց Շվեդական պատվիրակության այցը Հայաստան

0
87

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Շվեդիայի զբաղվածության հարցերով նախարար Սվեն Օտտո Լիտտորենի գլխավորած պատվիրակությունը:
Շուրջ ինը տարի է, ինչ Շվեդիայի Թագավորության զբաղվածության նախարարության ազգային աշխատաշուկայի վարչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել «Աջակցություն Հայաստանի իշխանություններին` բարելավելու աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը» ծրագիրը: Այն նպատակաուղղված է զբաղվածության ոլորտի բարեփոխումների գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը: Ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվել են սեմինարներ, ուսումնական այցեր, վերապատրաստումներ, հանդիպումներ` ուղղված աշխատաշուկայի և զբաղվածության ոլորտի շվեդա-լիտվական փորձի ուսումնասիրմանը, անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանն ու կիրառմանը համապատասխան բնագավառներում:
Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պարոն Համաբարձումյանը բարձր գնահատեց Շվեդիայի Թագավորության զբաղվածության նախարարության իրականացրած աշխատանքը հայ գործընկերներին աջակցելու գործում: Պարոն Լիտտորենը գոհունակությամբ նշեց, որ համատեղ աշխատանքը տվել է հիանալի արդյունքներ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս աջակցել հայ գործընկերներին:
Քննարկվեցին հետագա համագործակցության, մասնավորապես` աշխատանքի, զբաղվածության, երիտասարդների մասնագիտական կողմորոշման ոլորտներում իրականացվելիք ծրագրերը:
Չնայած այցի կարճատևությանը, հյուրերը հանդիպումներ ունեցան Երևան քաղաքի Էրեբունու զբաղվածության ծառայության, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոններում, այցելեցին Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: