ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0
112

Բարելավված մասնագիտական հմտություններից մինչև պատշաճ աշխատանք

Երևան, 21 ապրիլի 2010թ. Այսօր ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գերչևան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պրն. Մխիթար Մնացականյանը ստորագրեցին նամակ-համաձայնագիր գրանցված գործազուրկների համար մի շարք լայնամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու և իրականացնելու մասին, հետագայում աշխատանքի տեղավորման նպատակով` շեշտը դնելով Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդների գործազրկության խնդրի վրա:

Անցյալ տարի ՄԱԶԾ-ի “Նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)” ծրագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպեց 2-3 ամսյա դասընթացներ` գործազուրկներին առկա աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով վերապատրաստելու նպատակով: Տնտեսական ճգնաժամի գագաթնակետին իրականացված  այս նախաձեռնության նպատակն էր նվազեցնել գործազրկության աճող մակարդակը Հայաստանում: Մասնագիտական վերապատրաստումների առաջին շարքն իրականացվեց 2009թ. օգոստոսին, և բավականին հաջող արդյունքներ արձանագրեց. ծրագրի մասնակից 170 գործազուրկների 75%-ն արդեն ապահովված է աշխատանքով Հայաստանի տարբեր մարզերում:

Հաշվի առնելով այս հաջող փորձը` ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը հանդես եկավ զբաղվածության ոլորտում աջակցությունը շարունակելու նախաձեռնությամբ և ձեռնամուխ եղավ ծրագրի` 2010 թ. համար նախատեսված 140,000 դոլար ընդհանուր բյուջեով երկրորդ փուլի իրականացումը: Հստակ գործնական բաղադրիչ կրող այս վերապատրաստման դասընթացներն ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության մասն են կազմում, որը հայաստանյան հասարակության խոցելի խավերին աջակցության ցուցաբերման միջոց է, ի թիվս  առկա սոցիալական ապահովության այլ միջոցների, ինչպիսիք են վճարովի հասարակական աշխատանքը, ընտանեկան նպաստները և գործազրկության նպաստների ընդլայնումը: Ծրագիրը հնարավորություն կտա բարելավելու ավելի քան 400 գործազուրկ անձանց մասնագիտական հմտությունները տարբեր բնագավառներում (արհեստագործություն, սպասարկում, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և այլն), որոնք ներկայումս պահանջված են տեղական աշխատաշուկայում` զբաղվածության խթանման  և եկամուտների ապահովման նպատակով:

“Սա ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի և մեր ազգային գործընկերների հաջող համագործակցության ևս մեկ օրինակ է, երբ նպատակային, արագ և համապատասխան արձագանքը անհրաժեշտ միջոցներ է ապահովում զարգացման այնպիսի մարտահրավերների հաղթահարման համար, ինչպիսին է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցությունը հասարակության խոցելի խմբերի վրա: Աղքատության հաղթահարումը և հասարակության խոցելի խմբերի համար հիմնական սոցիալական ու տնտեսական ծառայությունների հասանելիության ապահովումը  Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության առաջնային ոլորտներից են: Զարգացող ազգային կարողությունները մարդկային զարգացումը խթանելու ամենաարդյունավետ միջոցներից են”,-ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տկն. Գերչևան:

“Ես համոզված եմ, որ այսպիսի ծրագրերը, որոնք ներառում են ակտիվ աշխատաշուկայի բաղադրիչներ, դրական ազդեցություն կունենան զբաղվածության ոլորտում տնտեսական ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար”,- իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պրն. Մնացականյանը:

Արդեն իսկ ամուր եռակողմ համագործակցություն է հաստատված ՄԱԶԾ-ի ՄԿՈՒ ծրագրի, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության և մասնագիտական վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների միջև, որը կարևոր նախադրյալ է ծրագրի երկրորդ փուլի բարեհաջող իրականացման համար:  Այս անգամ ՄԱԶԾ-ն եռապատկելու է իր աջակցությունը` անդրադառնալով Հայաստանի գրեթե բոլոր մարզերին  և հատուկ ուշադրության կենտրոնում պահելով հեռավոր համայնքները: Մասնագիտական վերապատրաստումները կտևեն 2-ից 4 ամիս` կախված ներկայացված և հաստատված ՄԿՈՒ պետական ուսումնական պլանից: