Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության նախարար Հիրոշի Մինամին և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ֆ. Բերիկյանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ “Ապագան քոնն է” ԲՍՀԿ-ի կողմից “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատանն իրականացված նորաստեղծ ուսումնական կենտրոնների բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին դեսպանատան և նախարարության մի խումբ աշխատակիցներ:
2003 թվականից “Ապագան քոնն է” բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատանն իրականացնում է տարբեր կրթական և մշակութային ծրագրեր` աջակցելով մանկատան սաների կրթության ու դաստիարակության գործընթացներին: Կազմակերպությունն իր գործունեության բերումով իրազեկ լինելով մանկատան կարիքներին, 2009թ. մանկատան բարելավման առաջարկ-ծրագիր ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանում Ճապոնիայի դեսպանատանը, որն արժանացավ հավանության: 2009թ. դեկտեմբերից 2010թ. մարտ ամիսների ընթացքում “Ապագան քոնն է” ԲՍՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ մանկատանն իրականացվեցին անհրաժեշտ կահավորման և ճաղապատման աշխատանքներ, ստեղծվեցին կարի ու ձևի, վարսահարդարության ուսումնական կենտրոններ: Ուսումնական կենտրոններում մանկատան սաները կստանան հմտություններ, որոնք հետագայում կարող են օգտագործել իրենց կարիքները հոգալու և համապատասխան աշխատանք ձեռք բերելու համար: