0
104

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը:

Օրակարգում կար երկու հարց` “ՀՀ-ում արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման” հայեցակարգի ներկայացում և քննարկում, և հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված ամփոփ առաջարկությունների ներկայացում:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի  ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վ. Վարդանյանը: Ըստ բանախոսի` ուսումնասիրվել է շուրջ 10 երկրի փորձ, ապահովագրական տարբեր մոդելներ: Առաջարկվում է սկզբնական փուլի համար ընտրել դժբախտ դեպքերի ապահովագրությունը մասնավոր ընկերությունների կողմից իրականացնելու տարբերակը, այնուհետև, համակարգը գործարկելուն զուգահեռ դիտարկել նաև մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրություն իրականացնելու ուղիները: Հայեցակարգի հեղինակներն առաջարկում են ստեղծել ապահովագրական բյուրո, որի կազմում կլինեն ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործատուների և աշխատավորների շահերի պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ճիշտ, հավասարակշռված որոշումներ կայացնել:

Ներկայացմանը հաջորդեց բուռն քննարկում, որի ընթացքում  տրվեցին բազմաթիվ հարցներ հայեցակարգի բովանդակության վերաբերյալ,   մտահոգությւոններ, որ ընդունելով ապահովագրության այս  տարբերակը` պետությունը չի կատարի Աշխատանքի միջազգային կազմակերպության  կոնվենցիաներով և Վերանայված սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները: Նկատի ունենալով առկա տարաձայնությունները և հնչած կարծիքները` պարոն Գրիգորյանն առաջարկեց ընդունել ՀՀ գործատուների միության նախագահ Գ. Մակարյանի առաջարկը` հայեցակարգն ընդունել ի գիտություն, շարունակել քննարկումները` հաշվի առնելով գործընկերների առաջարկները և մոտ ապագայում նորից անդրադառնալ այս կարևորագույն հարցին:

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը: Նա հնչեցրեց աշխատանքային խմբի առաջարկությունները, մասնավորապես` նկատի ունենալով, որ 2012թ. ապրիլի 27-ին լրանում է հանձնաժողովի լիազորության ժամկետը` լրամշակել հանձնաժողովի աշխատակարգը,  որոշում կայացնել կոլեկտիվ նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ,  հաջորդ նիստը գումարել մինչև ապրիլի 27-ը, հրավիրել լրատվամիջոցներ և հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքների վերաբերյալ:

Բոլոր առաջարկներն ընդունվեցին միաձայն: