Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստ

0
111

Մայիսի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովը ստեղծվել է համաձայն ՀՀ Վարչապետի` 2010թ. մարտի 30-ի N213-A որոշման: Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը դարձավ քաղաքական կամքի աննախադեպ դրսևորման քայլ քաղաքականության մշակման ամենաբարձր մակարդակներում, որոնք ցույց տվեցին ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնության վերացմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը:

Հանձնաժողովի ստեղծումը շեշտադրում է ոլորտում գործող մի շարք կառույցների կողմից ներդրվող ջանքերի համակարգման կարևորությունը և գենդերային բռնության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագրերի և ազգային քաղաքականության իրականացման համար ՀՀ կառավարությանն ուղղված ընթացիկ աջակցությունը, նպատակ ունենալով ապահովել ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Նիստը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Ֆիլարետ Բերիկյանը: Խոսնակներն էին`  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ  Լալա Ղազարյանը,   վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը, ՄԱԲՀ-ի “Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում” ծրագրի ազգային համակարգող Ջինա Սարգիզովան:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի,  տարածքային կառավարման,  արտաքին գործերի, առողջապահության, արդարադատության, էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ,  միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ի գործակալությունները (ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱՓԳՀԳ), Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ԵԱՀԿ-ի գրասենյակը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպես նաև` տեղական ՀԿ-ներ, այդ թվում` Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը և Կանանց իրավունքների կենտրոնը:

Հանձնաժողովն որոշեց ստեղծել երկու աշխատախումբ.

ա) կազմակերպչական հարցերի աշխատանքային խումբ, որը կմշակի գենդերային բռնության վերացման Հանձնաժողովի կանոնադրությունը,

բ)  ծրագրային աշխատանքային խումբ, որը կաշխատի Հայաստանում գենդերային բռնության վերացման 2011-2014թթ. Ազգային ծրագրի մշակման և խթանման ուղղությամբ: