“Դպրոցական սնուցում” ծրագրի մեկնարկ

0
109

Մայիսի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին և ՀՊԾ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Կուզնեցովին:

Հանդիպման նպատակն էր` մեկ անգամ ևս քննարկել “Դպրոցական սնուցում” ծրագրի մեկնարկի, մեխանիզմների, ծրագրի իրականացմանը ՀՀ ԱՍՀ  նախարարության մասնակցության հարցերը:

Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային պարենի ծրագիրը Հայաստանում հաստատվել է 1993թ. սեպտեմբերին, հիմնական նպատակն էր համայնքային ենթակառուցվածքների և մարդկային ներուժի զարգացման ճանապարհով Հայաստանի կարիքավոր խմբերի պարենային ապահովության խնդիրների բարելավումը: ՀՊԾ-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է փախստականների և տեղահանված բնակչության համար պարենային արտակարգ օգնության ծրագրով: Այնուհետև, այն ուղղվել է նաև սոցիալապես անապահով բնակչության պարենային կարիքների բավարարմանը: 1999 թվականից ՀՊԾ պարենային արտակարգ օգնության ծրագիրը փոխարինվել է “Օգնություն և վերականգնում” ծրագրով, որը բաղկացած է “Անվճար սննդի բաշխում”, “Սնունդ աշխատանքի դիմաց”, “Սնունդ ուսուցման դիմաց” և “Դպրոցական սնուցում” ենթածրագրերից:

Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսական աճը` 2008թ. ՀՊԾ-ն որոշում էր կայացրել Հայաստանում ծրագիրը դադարեցնելու մասին և ՀՀ կառավարության հետ համատեղ մշակվում էր ելքի ռազմավարություն: Սակայն ելնելով Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունների մեղմման նկատառումներից` ՀՀ կառավարությունը դիմեց ՀՊԾ-ի ղեկավարությանը ծրագիրը չդադարեցնելու խնդրանքով, որը ստացավ դրական արձագանք:

2010թ. սեպտեմբերից, Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, ՀՊԾ-ն Հայաստանում իրականացնելու է “Դպրոցական սնուցում” ծրագիրը` 3 տարի ժամկետով: Ծրագրի պատասխանատու գերատեսչությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Համաձայն նախնական բանակցությունների` ռուսական կողմի աջակցությամբ պետք է մշակվի նաև “Կայուն դպրոցական սնուցման” ազգային ծրագիր, որի պատասխանատու գերատեսչություն է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:  Այս շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված կլինի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

“ՀՀ կառավարության կողմից միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը և գործընթացում ներգրավված մարմինների պատրաստակամությունը հույս են ներշնչում, որ առաջիկա  երեք տարիներին  շուրջ 50 000 հայ երեխա  կունենա առավել հավասարակշռված սննդակարգ”- նշեց պարոն Բելգասմին:

Պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց երկարատև համագործակցության համար և հավաստիացրեց, որ նախարարության կողմից կարվի հնարավորը` ծրագրի  արդյունավետությունն ապահովելու գործում: