Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

0
191

Մայիսի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը որին մասնակցում էին նախարարության և այլ գերատեսչությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Նիստում քննարկվեց երեք հարց` Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմանխնդիրների վերաբերյալ ազգային զեկույցի, քաղաքային տրանսպորտի որոշ միջոցներ, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու, հաշմանդամների հիմնախնդիրների վերաբերյալ ինտերնետային կայքի ստեղծման գործընթացի մասին:

Օրակարգը հաստատելուց հետո “Ունիսոն” հասարակական կազմակերպության ղեկավար Ա. Ալավերդյանը հանգամանորեն ներկայացրեց Ազգային զեկույցի ենթաբաժինները, մասնավորապես` իրավիճակի նկարագրությունը, հաշմանդամների զբաղվածության խնդիրները, վերականգնողական աշխատանքները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, հաշմանդամներին անվճար բուժօգնության տրամադրման, սոցիալական գործընկերության կայացման ուղղությամբ իրականացված քայլերը: Զեկուցողի կողմից եղավ նաև առաջարկ. նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաշմանդամների զբաղվածության խնդիրը շարունակում է մնալ  օրակարգային, մտածել աշխատատեղերի քվոտավորման համակարգին անցնելու մասին:

Նշենք, որ ազգային զեկույցը կազմվել է պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքում:

Օրակարգի երկրորդ` “Քաղաքային տրանսպորտի որոշ միջոցներ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու”հարցը ներկայացրեց նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը: Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու համար առաջին և ամենակարևոր նախապայմանն է այլ քաղաքացիների հետ հավասար, մատչելի պայմանների ապահովումը: Հաշմանդամների` հասարակական տրանսպորտից օգտվելն ապահովելու համար չափազանց կարևոր է, որ տրանսպորտային ողջ համակարգը մատչելի լինի նրանց համար, սակայն երթևեկությունն ապահովելու համար հանրապետությունում հարմարեցված փոխադրամիջոցների թիվը շատ սահմանափակ է: Փոխադրամիջոցների, կապի և հեռահաղորդակցման միջոցների բացակայության պատճառով հեռավոր մարզերի հաշմանդամ բնակիչները հիմնականում հնարավորություն չեն ունենում օգտվել բժշկական, վերականգնողական և այլ ծառայություններից:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովն իր նիստերում պարբերաբար քննարկել է հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների մատչելիության հարցը:

Երևանում ներքաղաքային տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն հաշմանդամների տեղաշարժման համար: Հաշվի առնելով, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտային ծառայությունների գնման մրցութային կարգը սահմանում է Երևանի քաղաքապետարանը, գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին` քննարկելու համապատասխան կարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը` նպատակ ունենալով նրանում նախատեսել յուրաքանչյուր երթուղային ուղղության վրա սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար անհրաժեշտ սարքավորումներով /վերելակով/ մեկից-երկու ավտոբուս ունենալու պայման: Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել, որ ելնելով ներկայիս ֆինանսական խնդիրներից, ավտոբուսների ներկրման գործընթացում, որը իրականացվում է մասնավոր ներդրողների հաշվին, առաջացել են զգալի բարդություններ, քանի որ մրցույթային կարգում յուրաքանչյուր երթուղու համար անհրաժեշտ սարքավորումներով մեկից-երկու ավտոբուս ունենալու պարտադիր պայմանի ներառումը իրատեսական չէ:

Երրորդ հարցը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ինտերնետային կայքի ստեղծման աշխատանքներին, որի իրագործմանն աջակցում է “Վորլդ Վիժն” միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Նախարարության և նշված կազմակերպության համատեղ քննարկման արդյունքում կայքի ստեղծման աշխատանքները պատվիրվել է <Նորք> տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ին: Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ կայքի ստեղծման և բովանդակային մասի ապահովման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար: Ինտերնետային կայքը նախատեսվում է ավարտել և վերջնական շահագործման հանձնել 2010թ. օգոստոսի 1-ին: