0
118
ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը և նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ասատրյանը:

Խոսելով կենսաթոշակային  բարեփոխումների ընթացքի մասին նախարարը նշեց, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո մշակվել են ենթաօրենսդրական ակտեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն ՀՀ կառավարություն: Նախատեսված փոփոխություններից են.  զինվորական կենսաթոշակների տարաբնույթ հավելումների փոխարեն մեկ մարմնի կողմից մեկ դրամական օգնություն  նշանակելը և վճարելը, կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, մահացած կենսաթոշակառուների մասին առցանց տեղեկատվություն ստանալու նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը: Եթե կենսաթոշակառուն մահացել է, սակայն տեղի է ունեցել կենսաթոշակի վճարում` սոցիալական ապահովության պետական ծառայությունն անհապաղ կդիմի  իրավապահ մարմիններին:  Եթե  քաղաքացին  կենսաթոշակի անցնելու համար պահանջվող տեղեկանքները չի կարողանում  ներկայացնել, այդ գործառույթով կզբաղվի պետական ծառայությունը: “Կենսաթոշակ նշանակելը, հաշվարկելը և վճարելը պետք է դառնա թափանցիկ, հասկանալի գործընթաց, պետք է ունենանք կոնկրետ մարդկանց թիվ և հստակ վճարված ֆինանսական միջոցներ: Կա կենսաթոշակառու` կա վճարում, չկա կենսաթոշակառու` չկա  վճարում: Այն միջոցառումները, որոնք այսօր իրականացվում են, հնարավորություն կտան արդեն մոտ ապագայում  ունենալ էականորեն տարբեր իրավիճակ”,-ասաց նախարարը:

Նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ասատրյանը ներկայացրեց բազմաստիճան համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը, նշելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը ևս զգալի աշխատանք են կատարում: Խոսելով գործող համակարգի կատարելագործման մասին` պարոն Ասատրյանը կարևորեց օրենքների կիրարկումը, կենտրոնացված տեղեկատվական բազայի գործարկումը  և սուբյեկտիվիզմի վերացումը:

Բանախոսները պատասխանեցին լրագրողների  բազմաբնույթ հարցերին: