“Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն

0
1710

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և զարգացման ծրագիրը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և “Doctor Web – Central Azia” ընկերության միջև կնքված “Հակավիրուսային անվտանգության ապահովման” վերաբերյալ համագործակցության հուշագիրը: Խոսնակներն էին  “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը և “Doctor Web – Central Azia” ընկերության բիզնեսի զարգացման տարածաշրջանային մենեջեր Էդուարդ Գաբրիելյանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և զարգացման ծրագրի շրջանակներում “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հ.Չոբանյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ՏՏ ենթակառուցվածքը, մասնավորապես` սոցիալական ոլորտի տեղեկատվական շտեմարաններից հարցումների միջոցով առցանց տեղեկատվության տրամադրման մեխանիզմը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի օրինակը), հարակից շտեմարաններից հարցումների միջոցով առցանց տեղեկատվության ստացման մեխանիզմը (ՀՀ ԿԱ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի օրինակը), սոցիալական ապահովության քարտերի տրամադրման արագ սպասարկման և էլեկտրոնային ծառայությունը, www.employment.am վեբկայքի միջոցով աշխատանք փնտրողների և գործատուների առցանց գրանցման և համադրումների միջոցով իրենց պահանջներին բավարարող տեղեկատվության ստացման մեխանիզմը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործող առցանց տեղեկատվական համակարգերը:

Ներկայացվեցին ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագրերը, մասնավորապես` տեղեկատվության փոխանակության միասնական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ձերբազատել տեղեկանքներ ներկայացնելու ավելորդ քաշքշուկից:

Է. Գաբրիելյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգի տեղեկատվական բազաների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և “Doctor Web – Central Azia” ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի դրույթները: Նախատեսվում է համակարգի բոլոր համակարգիչները 1 տարի ժամկետով անվճար ապահովել հակավիրուսային լիցենզավորված ծրագրով: