Մարտի 15-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր կլոր-սեղան հետևյալ թեմայով` “Ծառայությունների ինտեգրումը` որպես արդի սոցիալական քաղաքականության գերակա խնդիր. սոցիալական աշխատանքի մարտահրավերները”: Կլոր-սեղանը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Հրավիրված էին հյուրեր Ֆրանսիայի սոցիալական աշխատանքի ասոցիացիայից, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ` պետական այլ գերատեսչություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից, պրակտիկ և ակադեմիական շրջանակներից:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը:
Զեկուցումներ ներկայացվեցին սոցիալական աշխատանքի բովանդակության, սոցիալական աշխատանքի ֆրանսիական փորձի, ինտեգրված սոցիալական ծառայությունների առաջարկվող մոդելի վերաբերյալ: Մասնակիցները կարևորեցին ներկայիս մարտահրավերները սոցիալական քաղաքականության շրջանակներում, մասնավորապես` ծառայությունների ինտեգրման ներկա գործընթացները, մասնագետների շահերի պաշտպանության, սոցիալական աշխատանքի գծով մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը, ինչպես նաև կրթական և պրակտիկ դաշտում ներկայացվող պահանջների անհամապատասխանության հարցը:
Ամփոփիչ խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նշեց. “Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը համարվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, իսկ 2011 թվականին ճանաչվել է գերակա խնդիր` մարտահրավեր: Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի կենտրոնում մարդն է (ընտանիքը)` իր սոցիալական խնդիրներով ու կարիքներով, ինչպես նաև իր հնարավորություններով ու կարողություններով, խնդիրների լուծման ու կարիքների բավարարման ուղիների և միջոցների ընտրության որոշման կայացման մեջ իր մասնակցությամբ:
Այս պարագայում այդ ընտանիքի հետ աշխատողից` սոցիալական աշխատողից, պահանջվում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, մասնագիտական արժեքների գիտակցում, սոցիալական պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտի իմացություն: Սոցիալական աշխատողը պետք է ունենա անձնային այնպիսի հատկանիշներ, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն` հաճախորդին, կուղղորդի դեպի համագործացություն, վստահության մեծացում, նախ իր ուժերի, ապա` շրջապատի, հանրության և պետության նկատմամբ:
Հաճախորդին անհրաժեշտ է “մեկ պատուհան” դիմելու, մեկ աշխատող` սեփական կամ իր ընտանիքի անդամների համար անլուծելի խնդիրները ներկայացնելու համար: Սոցիալական աշխատողը պետք է դառնա մի մարդ, որին կվստահի ու կհավատա հաճախորդը, որը կզբաղվի հաճախորդի տարաբնույթ խնդիրների, կարիքների գնահատմամբ, դրանց համատեղ վերլուծությամբ, լուծման հնարավոր արդյունավետ միջոցների ընտրությամբ: Սոցիալական աշխատողն ուղղորդելով հաճախորդին համապատասխան կառույցներ, համագործակցելով և համակարգելով տարբեր կառույցների հետ այդ գործընթացում կարող է ընդգրկել նաև այլ մասնագետների` հոգեբան, մանկավարժ, իրավաբան և այլն:
Ներկայումս սոցիալական ծառայությունների տրամադրումը հիմնականում իրականացվում է փաստաթղթերի հետ աշխատանք կատարելով, չկարևորելով քաղաքացու (ընտանիքի) իրական կարիքների վերհանումն ու անհատական սոցիալական ծրագրի մշակումն ու իրականացումը (սոցիալական դեպքի վարում), այդ կարիքների հնարավորինս ամբողջական բավարարումը` լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Այսօրվա իրավիճակից ներկայացված ցանկալիին հասնելու համար պահանջվում է սոցիալական աշխատողների առանցքային դերակատարում և սոցիալական դեպքի վարման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Սոցիալական ծառայությունների տրամադրումն ինքնանպատակ չէ, այն պետք է ուղղված լինի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) ինքնօգնության և կարիքը բավարարելու միջոցների խթանմամբ կամ նույնն է` սոցիալական հմտությունների զարգացմամբ, նրա վիճակի բարելավմանը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացին որքան շուտ մոռանա իր սոցիալական աշխատողին, նշանակում է այդքան արդյունավետ է աշխատել այդ “մոռացված” սոցիալական աշխատողը:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի շրջանակներում էական դերակատարում պետք է ունենան նաև հասարակական կազմակերպությունները, որոնք արդյունավետորեն համագործակցելով պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պետք է մասնակցություն ունենան սոցիալական պաշտպանության ոլորտում համապատասխան որոշումների կայացման գործում: Այսպիսով, ի՞նչ է պահանջվում սոցիալական աշխատողներից` մեկ միասնական նպատակ, համատեղ աշխատանք, փոխադարձ հարգանք, սեր մարդու նկատմամբ և հավատ վաղվա օրվա համար”:
Սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման գործում ունեցած ներդրումների համար նախարարը պարգևատրեց ոլորտի մի խումբ նվիրյալների: