ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ Լոռու մարզում կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Հանդիպման էին եկել Վանաձոր քաղաքի և մարզի այն բնակիչները, ովքեր ունեին իրենց սոցիալական իրավունքների իրացման խնդիրներ կամ խնդրահարույց հարցերի վերաբերյալ ցանկանում էին պարզաբանումներ ստանալ նախարարության պատասխանատուներից:
Մարզպետարանի շենքում առանձնացված սենյակներում` ըստ խնդիրների, շուրջ երեք ժամ նախարարի տեղակալը, ոլորտային վարչությունների, բժշկասոցիալական փորձաքննության և զբաղվածության գործակալությունների պետերն ընդունեցին քաղաքացիներին: Հարկ է նշել, որ հարցերը հիմնականում վերաբերում էին ավանդների փոխհատուցմանը և ընտանեկան նպաստի իրավունք ստանալուն: Չնայած և զանգվածային լրատվամիջոցներով և քաղաքացիների հետ շփումների ժամանակ բազմիցս բացատրվել է, թե ովքեր ունեն ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվելու իրավունք, սակայն հավաքվածների ճնշող մեծամասնությունը` հիմնականում տարեց քաղաքացիներ, պահանջում էին բացառության կարգով իրենց տրամադրել փոխհատուցում: Նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը նորից բացատրեց ընթացակարգը:
Բազմաթիվ էին նաև կենսաթոշակի, հաշմանդամության խմբերի, զբաղվածության հարցերով դիմողները:
Քաղաքացիների ընդունելություն կատարեց նաև նախարարը` հիմնականում տեղում լուծում տալով դիմողների հարցերին, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրները վերցվեցին նախարարի հսկողության տակ: Նախարարն այցելեց նաև վանաձորցի Վանուշ Համբարձումյանի բնակարան: Միակ տղայի կողմից լքված հաշմանդամ ամուսինները նամակ էին գրել պարոն Գրիգորյանին, նկարագրել իրենց սոցիալական ծանր վիճակը և խնդրել օգնել` ընդգրկվելու ընտանեկան նպաստի համակարգում: Նախարարի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել էր մասնագետների կողմից: Պարզվել էր, որ նպաստ ստանալու համար ընտանիքի բալային միավորները բավարար չէին: Բացատրելով մերժման պատճառը, նախարարը տեղեկացրեց, որ նրանց կհատկացվի հրատապ օգնություն և ֆինանսական աջակցություն:
Քաղաքացիների ընդունելությունն ավարտելուց հետո տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը, մարզպետարանի աշխատակիցներ, մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարներ: Քննարկվեցին բնակչությանը մատուցվող ծառայությունների մատչելիության, որակի, հասցեականության բարձրացման ուղղությամբ նախարարության, մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետագա անելիքները: