Նախարարն ընդունեց չեռնոբիլցիներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մի խումբ ակտիվ մասնակիցների: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց. “25 տարի առաջ տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկը` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարը: Աղետ, որի հետևանքներն իրենց զգացնել են տալիս մինչ օրս: Այն միավորեց Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների քաղաքացիներին, որոնք թողնելով տունն ու աշխատանքը, վտանգի ենթարկելով իրենց կյանքն ու առողջությունը` շտապեցին օգնության հասնել` կատարելով իրենց զինվորական ու քաղաքացիական պարտքը: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, ի թիվս նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների, իրենց մասնակցությունը բերեցին նաև Հայաստանի ավելի քան 3000 քաղաքացի: Ձեռք բերելով տարբեր ճառագայթային հիվանդություններ, նրանցից 1600-ը դարձել են հաշմանդամներ, շուրջ 400-ը մահացել են: Աղետից հետո ծնված երեխաների մի մասն էլ, ցավոք, ունի առողջության հետ կապված խնդիրներ: Անցած տարիների ընթացքում և Խորհրդային Միության և արդեն Անկախ Հայաստանի իշխանությունների կողմից քայլեր են արվել` լուծելու Չեռնոբիլի վթարի մասնակիցների սոցիալական խնդիրները, սակայն պետք է փաստել, որ անելիքներ դեռևս շատ կան ` սկսած օրենսդրության կատարելագործումից մինչև առողջապահական ու սոցիալական որակյալ ծառայությունների մատուցում: Մեր հանրապետությունն առանձին օրենք չունի ՉԱԷԿ-ի վթարի մասնակիցների մասին, հստակ սահմանված չեն կարգավիճակները, սակայն որոշ արտոնություններ և երաշխիքներ սահմանված են և տրամադրվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով /անվճար բուժօգնություն, դեղորայքի ձեռքբերում և այլն/: “Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին” ՀՀ օրենքով կարգավորվում են այն անձանց սոցիալական պաշտպանության հարցերը, ովքեր եղել են զինծառայող կամ կանչվել են վարժական հավաքի զինկոմիսարիատների կողմից և ուղարկվել վթարի վայր: Նրանք ունեն որոշակի սոցիալական երաշխիքներ և արտոնություններ: Մենք խնդիր ունենք կապված այն մարդկանց սոցիալական խնդիրների լուծման հետ, ովքեր մեկնել են աղետի վայր կամավոր կամ գործուղվել են հիմնարկ-ձեռնարկություններից, այսինքն` համարվել են քաղաքացիական անձինք և չունեն համապատասխան կարգավիճակ: Չեռնոբիլի մասնակիցների մեջ այդպիսի ավելի քան 600 մարդ կա: Այս առումով ուզում եմ նշել, որ ներկայումս քննարկման փուլում է “Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում լուծում տալ վթարի վերացման բոլոր մասնակիցներին հուզող որոշ հարցերի: Հարգելով ռադիացիոն աղետների և վթարների զոհերի հիշատակը` մենք պարտավոր ենք հոգալ այդ աղետների ու վթարների հետևանքով տուժած մեր քաղաքացիների կարիքները` նրանց համար ապահովելով նորմալ կենսապայմաններ”: Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր` կապված զինվորական և քաղաքացիական անձանց կենսաթոշակների չափերի տարբերության, պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ցանկի, սանատոր-կուրորտային բուժման, աղետից հետո ծնված երեխաների անվճար բուժզննման հետ կապված: Պարոն Գրիգորյանը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերը կքննարկվեն համապատասխան գերատեսչությունների հետ և կգտնվեն համապատասխան լուծումներ: Նախարարը տեղեկացրեց նաև, որ մոտ ապագայում կավելացվեն աղետի հետևանքների վերացման հետևանքով հաշմանդամ դարձած անձանց կենսաթոշակների և մի շարք արտոնությունների դիմաց տրվող դրամական փոխհատուցման գումարների չափերը: ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մի խումբ ակտիվ մասնակիցներ նախարարի կողմից պարգևատրվեցին նախարարության մեդալներով և շնորհակալագրերով: |