Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
104

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Թ. Շարմանաշվիլիին:

Պարոն Գրիգորյանը շնորհավորեց հյուրին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր նշանակումը կնպաստի սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը: Նախարարը խոսեց վերջերս Թբիլիսի կատարած պաշտոնական այցի արդյունքների մասին, շեշտելով, որ տպավորված է վրաց գործընկերների հաջողություններով: Նա տեղեկացրեց հյուրին, որ մայիսի վերջին Երևան կժամանի Վրաստանի Հանրապետության աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը և հույս հայտնեց, որ փոխադարձ այցն ավելի մեծ հնարավորություններ կընձեռի  փորձի և տեղեկատվության փոխանակման առումով:

“Լինելով հարևան և բարեկամ պետություններ, կարծում եմ, մեր երկրների սոցիալական պաշտպանության ոլորտները պետք է հնարավորինս սերտ համագործակցեն: Բարեփոխումների արդյունքում կունենանք ներդաշնակ օրենսդրական դաշտ, ինչը կնպաստի երկու երկրների սոցիալական ոլորտների ներդաշնակեցմանը”,-նշեց պարոն Գրիգորյանը:

“Ուրախ եմ, որ մեր կառավարությունները և առանձին գերատեսչություններ սերտորեն համագործակցում են: Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներն ամենաբարդն են: Ի տարբերություն շատ այլ ոլորտների, որտեղ հնարավոր եղավ կարճ ժամանակում վերացնել կոռուպցիան և բյուրոկրատիզմը, այս ոլորտը կարգի բերելն ավելի շատ ժամանակ պահանջեց: Սակայն այսօր կարող ենք փաստել. հաջողություններն ակնհայտ են: Վստահ եմ, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների առումով մեր երկրի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների համար”,-նշեց պարոն Շարմանաշվիլին, ավելացնելով, որ իր իրավասությունների շրջանակներում կնպաստի երկու նախարարությունների հետագա համագործակցությանը: